Մոզրովում ջրի խնդիր է լուծվել

16:48 | 19.08.2020

Մոզրովում ջրի խնդիր է լուծվել

Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել: Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝  հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:

 Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել և գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ և անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու և նրա հոգսերը թեթևացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:

 

«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլև համակարգվածաշխատանք և համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենքձգտել ենք իրականացնել այդ նպատակը», - տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարևոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», - տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:

Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար:  Հարևան գյուղերում լուծվել են կարևոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլևս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ, և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:

 

Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է  մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ,  2  ջրընդունիչ,  5 բաժանարար հանգույց և  անհատական միացման 31 կետ:

 

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք