Հայաստանի վարչապետն աճող քննադատության թիրախում է կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար. BBC

20:55 | 26.06.2020

Հայաստանի վարչապետն աճող քննադատության թիրախում է կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար. BBC

tert.am. BBC հեղինակավոր լրատվամիջոցը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Հայաստանի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել՝ նկատելով, որ այն հարավկովկասյան տարածաշրջանում վարակից ամենաշատ տուժած երկիրն է:

«Երկրի վարչապետը, որը ևս վարակվել էր կորոնավիրուսով, աճող քննադատության թիրախում է հայտնվել ստեղծված ճգնաժամը կառավարելու առումով»,- ռեպորտաժի նախաբանում նշում է BBC-ի հաղորդավարուհին՝ մեջբերելով ՀՀ իշխանությունների պնդումն առ այն, որ երկիրը չի կարող տնտեսության ևս մեկ փակում թույլ տալ: 

«Հայաստանի հիվանդանոցները ճնշման տակ են»,-նշում է ռեպորտաժի հեղինակ Ռեյհան Դեմիտրին՝ ցույց տալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով ախտահարվածների բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկը կատարած այցից կադրեր:

Այնուհետև ցուցադրվում են կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի վերաբերյալ կադրերը, որոնք, ըստ թղթակցի, հայաստանցիներից շատերի մոտ ստեղծեցին այնպիսի տպավորություն, որ կառավարությունը ճգնաժամին անլուրջ է վերաբերվում:

«Հաջորդ օրը վարչապետն աշխատանքից ազատեց գեներալին և ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն դա չգոհացրեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը համավարակի դեմ պայքարը ձախողելու համար պահանջում էր կառավարության ամբողջական կազմի հրաժարականը»,-շարունակում է թղթակիցը՝ ընդգծելով, որ Հայաստանն ունի աշխարհում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

Ռեպորտաժում ներկայացվում է նաև քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանի խոսքը: Վերջինս BBC-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների՝ համավարակի դեմ վարած պայքարը «լիակատար աղետ» է որակել:

Թղթակիցը հիշեցնում է, որ իշխանությունները տնտեսությունը վերաբացել են ապրիլին, երբ վարակման դեպքերը շարունակում էին ավելանալ:

«Այդ ամիս տնտեսությունը գրանցեց 17 տոկոս անկում, սակայն կառավարությունն ասում է, որ պարզապես չի կարող թույլ տալ ևս մեկ անգամ փակել տնտեսությունը»,-նշում է Դեմիտրին:

Այնուհետև հնչում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ վարակն անհնար է վերացնել: Նախարարի կարծիքով՝ կարելի է մի քանի տարով փակել սահմանները, մի քանի ամսով կամ տարով՝ բիզնեսները, սակայն այդ դեպքում մարդիկ կմահանան այլ պատճառներից:

Ռեպորտաժի վերջում վերադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ թղթակիցը նշում է, որ վերջինս իր ունեցած իշխանությամբ պարտական է ժողովրդին, որը երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում նրան իշխանության բերեց:

«Այժմ առերեսվելով իր կառավարման ամենաբարդ մարտահրավերին՝ Փաշինյանը կրկին հույսը դնում է ժողովրդի վրա՝ հուսալով, որ նրանք վարակի դեմ պայքարի իրենց մասն առաջ կմղեն»,-եզրափակել է թղթակիցը:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք