Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

09:37 | 26.02.2020

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: 35 տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ: 

1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, շատերի նման, այս ընտանիքը ևս մնացել է անօթևան։ Վագոն-տնակում երկարուձիգ տարիների կյանքը «պարտադրվել է» Եդիգարյաններին: Ընտանիքի տատը՝ Թամարան, անցել է շատ դժվարությունների միջով։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է որդիներից մեկին, իսկ երկրորդը զոհվել է Արցախյան պատերազմում։ Թամարայի երրորդ որդին էլ առողջական խնդիրներ ունի։

 Վագոն-տնակում տարիների դժվար կյանքից հետո, Եդիգարյաններին հաջողվել է բնակարան գնել, սակայն սոցիալական և առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով՝ չեն կարողացել վերանորոգել այն ու կեցության պատշաճ պայմաններ ստեղծել։

 

2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքի՝ տարիների երազանքն իրականություն է դարձել:

 «Այսքան դժվարություններից և տառապանքից հետո, կարծես մի լույս բացված լինի։ Նոր հույսերով և հավատով ենք նշում մեր նոր տան բնակարանամուտը։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասել է Թամարան։

 «Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է բոլորին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջև դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլևս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է կարևոր նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաև, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար կարևոր է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված տուն։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար», - ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք