Հարձակման գաղտնի տեղեկություններ ու սկանդալային գաղտնիքներ

21:22 | 13.01.2020

Հարձակման գաղտնի տեղեկություններ ու սկանդալային գաղտնիքներ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որպեսզի բացատրություն տա Թեհրանում կայացած ապօրինի հավաքին իր մասնակցության վերաբերյալ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնապես բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Իշխանությունները դեսպանին հիշեցրել են, որ օտարերկրյա դիվանագետների մասնակցությունն ապօրինի հավաքներին չի մտնում իրենց պարտականությունների մեջ և հակասում է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային:

Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը։ «Կարող եմ հաստատել, որ որևէ ցույցի չեմ մասնակցել»,- գրել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ մասնակցել է Իրանի իշխանությունների հարվածի հետևանքով օրեր առաջ կործանված օդանավի 176 զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությանը: «Նորմալ է, երբ ցանկանում ես հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, որոնց մի մասը բրիտանացի էին: Երբ մարդիկ սկսեցին կարգախոսներ բղավել, հինգ րոպե անց ես հեռացա»,- հավելել է դեսպանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանի իշխանություններից ներողություն է պահանջել Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերին կալանավորելու համար: Այս մասին Twitter-ում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: «Մենք ռեժիմին հորդորում ենք պաշտոնապես ներողություն խնդրել Բրիտանիայից` իր իրավունքների խախտման համար և հարգել բոլոր դիվանագետների իրավունքները »,- գրել է Օրտագուսը:
Մակերին ձերբակալել են իրավապահ մարմինները՝ Ամիր Քաբիրի անվան Թեհրանի տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ անցկացվող հակակառավարական ցույցին մասնակցելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա ղեկավարել է բողոքող ամբոխի գործողությունները:

Արևմուտքի հետ կապված մյուս սենսացիոն զարգացումը կապված էր մեկ այլ տեղեկության հետ: ԱՄՆ զորքերին նախազգուշացրել էին դեպքից երկու ժամ առաջ իրանական կողմի մոտալուտ հարձակման մասին. նրանք թաքնվել են բունկերներում, հայտնում էր CNN-ը: Աին ալ-Ասադի ռազմական ավիաբազաները տեղեկացրել են մոտալուտ հարձակման մասին: Ինչպես պարզել է հեռուստաալիքը, զինծառայողների մեծ մասն անմիջապես փախել է հենակետից, իսկ մյուսները հարվածների մեկնարկից մի քանի ժամ առաջ ապաստան են գտել բունկերներում:

«Ամերիկյան զորքերը գիտեին, որ իրենց հենակետը գրոհելու են: Բայց նրանք չգիտեին, թե դա ինչ հարձակում է լինելու»,- հայտնում է հեռուստաալիքը: Սպաները «հրաշք» են համարում, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Որոշ հրթիռներ բունկերներից ընդամենը մի քանի մետր են հեռու ընկել: Ըստ նրանց, իրանական ավիահարվածները տևել են մոտ երկու ժամ և թիրախավորել են միայն ավիաբազայի ամերիկյան տարածքները: Արաբական դիվանագիտական աղբյուրը CNN- ին հայտնել է, որ Իրաքը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին, թե «որ հենակետերն են հարվածի տակ լինելու»:
Մեկ այլ տեղեկություն էլ այն մասին էր, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցը Պենտագոնում քննարկվել է 18 ամիս, գրել էր Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ-ն նախապես կազմել էր թիրախների ցանկը: Ըստ պարբերականի՝ դեկտեմբերի 27-ին իրաքյան ռազմակայաններից մեկում ամերիկացի զինծառայողի սպանությունից հետո, Վաշինգտոնը որոշել է կյանքի կոչել ծրագիրը՝ իր զինծառայողի սպանության համար մեղադրելով Իրանին:

Նշվում էր, որ Իրանում հզորությամբ երկրորդ մարդուն՝ Սոլեյմանիին, հետևել են մի քանի ամիս: Նրա նկատմամբ ուշադրությունը բազմապատկվել է 2019թ. մայիսից՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրմանը զուգահեռ: Սոլեյմանիին սպանելու որոշումը կայացվել է հունվարի 3-ին: Այս մասին պատմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և ռազմական գերատեսչությունից տասնյակ պաշտոնյաներ:
Չնայած Թրամփն ընդունել էր Սոլեյմանիին սպանելու տարբերակը, սակայն նրա ավագ խորհրդականներից ոմանք, ինչպես նաև Պենտագոնի որոշ պաշտոնյաներ, շոկի են մատնվել նախագահի՝ ամենածայրահեղ տարբերակն ընտրելու փաստից: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Մետաքսյա Շալունց

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք