Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

18:23 | 05.12.2019

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Ես կարծում եմ՝ այս իշխանությունը ձևավորած ուժի և իրավապահ մարմինների նկատմամբ կա լիարժեք վստահություն և այս իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել և չեն լինելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և դրան հաջորդած ՀՀԿ հայտարարությանը, որ դա Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդում էր:

«Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը՝ նշելով, թե կսպասի քննության ավարտին, որպեսզի չխախտի անմեղության կանխավարկածը:

Նախարարը նշեց, որ համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե պետք է կտրել կոռուպցիայով զբաղվող անձանց «թաթիկները»: «Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, «թաթիկները» կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է, և ամենաշատ քրեական գործերը, եթե չեմ սխալվում, հարուցվել են մեր ոլորտում»,-, ապա հավելեց. «Նախորդներին էլ, գործողներին էլ, եթե թաթախվեն կոռուպցիայի մեջ, էլի հետապնդելու ենք»:

Հարցին էլ՝ եթե իրավապահ մարմինները Լոռեցյանի գործով իրեն հրավիրեն հարցաքննության, որևէ ասելիք ունի՞, նախարարը պատասխանեց. «Երբ հրավիրեն, կմտածեմ՝ ունե՞մ ասելիք, թե չէ»:

Դիտարկմանը, թե ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հարց էր բարձրացրել, թե ո՞ւմ ֆինանսավորմամբ է նախարարը կրթություն ստացել Սիրիայում, Հարությունյանը պատասխանեց. «Նախ՝ արժե՞ արդյոք զրոյական վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կամ քաղաքական թիմի ներկայացուցչին մեկնաբանել, երկրորդը՝ նրանք արդեն իրականությունից կտրվել են և անհեթեթության չափերը, եզրերը կորցրել են»:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք