Չունենք ներդրումային քաղաքականություն, որոշումներն ընդունվում են այսրոպեական տրամադրության կամ ճաշակի թելադրանքով. փորձագետ

18:04 | 05.12.2019

Չունենք ներդրումային քաղաքականություն, որոշումներն ընդունվում են այսրոպեական տրամադրության կամ ճաշակի թելադրանքով. փորձագետ

Հայաստանն այս իշխանությունների անտրամաբանական գործելաոճի հետևանքով կրելու է ավելի շատ վնասներ, քան այդ 2 մլրդ դոլարի պոտենցիալ ներդրումն էր: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ մեկնաբանելով քաղաքապետի և արաբ ներդրողների հետ հանդիպմանը:

«Մեր պետությունն իշխանության չհամակարգված,  երբեմն անտրամաբանական գործելաոճի արդյունքում կրելու է ավելի շատ վնասներ, քան այդ 2 մլրդ դոլարի պոտենցիալ ներդրումն էր: Խնդիրներից մեծագույնն այն է, որ չունենք ներդրումային տնտեսական քաղաքականություն: Երբ սևով սպիտակի վրա գրված չէ համընդհանուր ռազմավարությունը և դրանից բխող համակարգված գործողություններն ու միասնական մոտեցումները, որոշումներն ընդունվում են այդ պահին եղած տրամադրության կամ ճաշակի թելադրանքով»,- ասել է նա:

Լիլիա Ամիրխանյանը կարծում է՝ այս դեպքի հետ կապված իրադարձություններում բոլոր կողմերի փաստարկները պետք է հաշվի առնվեն, բայց դրանից արդյունքը չի փոխվում. «Սա հերթական հարվածն է մեր երկրի ներդրումային վարկանիշին, քանի որ, անկախ ամեն ինչից, արդյունքում ունենք խոշոր միջազգային ներդրող, ում համար ներդրում անելու խոչընդոտ է հանդիսացել ոչ թե հարկային կամ օրենսդրական դաշտը, ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներ, այլ բացարձակ ուրիշ՝ անձնային տիրույթի խնդիր. իշխանության ներկայացուցչի անհարգալից պահվածքը: Հասկանալի է չէ՞, որ այս ներդրողն իր մերձավորներին կոչ է անելու հնարավորինս հեռու մնալ ՀՀ իշխանություններից»:

Փորձագետի պնդմամբ, սա միակ դեպքը չէ, որն ապացուցում է չմշակված ու իրավիճակային կառավարման փաստը մեր երկրում: Ըստ նրա, այդպիսի մոտեցման արդյունք են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված զարգացումները, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ կապված խնդիրները, որոնք հանրայնացնելուց հետո միայն իշխանությունները հասկացան, որ հարցը պետք է դիվանագիտորեն լուծվի:

«Նույն աշխատաոճի հետ գործ ունենք նաև ներքին ներդրումային ծրագրերի դեպքում: Իշխանությունն անհասկանալի հիմունքներով արտոնություններ է տրամադրում ինչ-ինչ կազմակերպությունների: Չկանոնակարգված արտոնությունների տրամադրումը բիզնես խաղացողների համար անհավասար պայմաններ է ստեղծում»,- պնդում է փորձագետը:

Լիլիա Ամիրխանյանի կարծիքով ցանկացած օտարերկրյա ներդրողի համար, իրավական ու հարկային միջավայրից զատ, ուսումնասիրության առարկա է նաև ոլորտի հետ կապված փորձը, առկա նախադեպը, որն ամենևին ի շահ պետության չի գործելու: «Փնթի աշխատաոճը պետք է բացառվի կառավարման համակարգում»,- ամփոփեց փորձագետը:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք