Կոռուպցիան՝ «նոր» Հայաստանում. ինչի՞ մասին են լռում իշխանությունները

17:36 | 05.12.2019

Կոռուպցիան՝ «նոր» Հայաստանում. ինչի՞ մասին են լռում իշխանությունները

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Արայիկ Հարությունյանի՝ սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին. նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Նոր Հայաստանում, ուր ինչպես իշխանություններն են շարունակում տարբեր առիթներով ու տարբեր տրամաչափի ամբիոններից համոզված պնդել, թե կոռուպցիան պրակտիկորեն «բնաջինջ է արվել», նմանօրինակ աղմկահարույց ձերբակալությունները, թերևս, լավագույնս են ի ցույց դնում նմանօրինակ համարձակ պնդումների սնամեջությունը: Կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլև յուրատեսակ մուտացիայի է ենթարկվել՝ քողարկվելով պետական այրերի բոցաշունչ դեմագոգիայի կամ անզուսպ պոպուլիզմի շղարշով:

Փաստորեն՝ այն  պնդումները, թե տարբեր տրամաչափի չինովնիկներին  չարածի համար միլիոնների հասնող պարգևատրումներ տալով, գերբարձր աշխատավարձ շնորհելով հնարավոր կլինի կանխել կոռուպցիայի առաջացման ռիսկը, բացարձակապես չեն ապացուցում իրենց կենսունակությունը. կյանքի նորհայաստանյան նրբություններին քաջատեղյակ հայրենի քայլարածները կամ նրանց գաղափարակիցները, դրսևորելով «շրջահայացություն», ճարպկում են միանգամից «յոթ մոր կաթ ծծել», իսկ թե ինչպես, դրա մասին առավել մանրամասն կարող է պատմել, թերևս, ձերբակալված փոխնախարարը:

Միաժամանակ սույն ձերբակալությունն է՛լ ավելի ուշագրավ է դառնում այս օրերին ԿԳՄՍ նախարարության դեմ բարձրացած բողոքի ֆոնին, որը զսպելու այլ ելք իշխանությունները չգտան, քան ուժի գործադրումը, որի արդյունքում եղան բերման ենթարկվածներ: Պարզվեց՝ «նոր» Հայաստանում փողոց փակելը Փաշինյանի ու նրա գաղափարակիցների մենաշնորհն է այլևս, իսկ ահա բոլոր նրանք, ովքեր անում են դա ոչ ի սպաս նրա, ենթակա են  անհամաչափ հակազդման: Փաստորեն՝ օրինախախտում է համարվում ոչ թե մեկ մարդու հրահանգով դատարանների մուտքերը փակելը կամ դատավորներին անարգելը, այլ ասենք հայագիտության ապագայի համար պայքարը…

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի բարձր ամբիոնից անդրադառնալով ԿԳՄՍ շուրջ ստեղծված իրավիճակին ու նախարարի հրաժարականի պահանջին՝ հայտարարել էր, թե «չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք». «խոսքը մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը»:

Ամեն անգամ փորձելով արդարացնել սեփական քայլերը՝ իշխանությունները մատնացույց են անում նախորդների կամ նրանց հետ համագործակցած ուժերի կոռումպացված լինելու վերաբերյալ իրենց ունեցած համոզումը՝ պնդելով, թե բացառապես իրենց է պատկանում կամայական դատավճիռներ կայացնելու բարոյական իրավունքը, քանի որ, բա չեք ասի, կոռուպցիան նորերին հակոտնյա երևույթ է:

Իշխանավորներից առնվազն ոմանց շուրջ մերթ ընդ մերթ ծագող կոռուպցիոն սկանդալները, սակայն, գալիս են փաստելու, որ իշխանությունների ինքնավստահությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն կամ երեսպաշտություն՝ կոչված մոլորության մեջ գցելու հասարակությանը, քողարկելու իշխանական բուրգում խորացող փտախտը:

Իշխանական պրոպագանդան արդարացնելու համար տեղի ունեցածը, իհարկե, փորձելու է փոխնախարարի ձերբակալության փաստը հռչակել ոչ թե որպես ներհամակարգային կոռուպցիայի գոյության պարզ վկայություն, այլ այն մեկնաբանել իբրև երկրում տարվող հակակոռուպցիոն քաղաքականության արգասիք. իբր իշխանություններն այնքան անաչառ են, որ չեն վարանում դեմ գնալ անգամ յուրայիններին ու պատժել՝ շեշտը դնելով առաջին հերթին սեփական շարքերն անբարեհույս տարրերից մաքրելու վրա:

Միանշանակ է, սակայն, որ անկախ այն բանից, թե իրենք՝ իշխանությունները, ինչպես կմեկնաբանեն փոխնախարարի ձերբակալման փաստը, այն առաջին հերթին վկայում է համակարգի խորքերում ծվարած քաղցկեղածին բջիջների տարածման մասին, և ամենևին էլ պարտադիր չէ, որ ամեն օր աղմկահարույց ձերբակալություններ լինեն, որպեսզի կոռուպցիայի առկայությունը տեսանելի դառնա կամ անվիճելի, և հեռու չէ այն օրը, երբ մարդիկ փողոց դուրս կգան ոչ միայն հակազդելու իշխանական ապազգային նախաձեռնություններին, այլև՝ կոռուպցիոն նկրտումներին:

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք