Դատարանները բոլոր իշխանությունների ժամանակ քավության նոխազ են եղել.Ալվինա Գյուլումյանը՝ դրանց ցածր վստահության մասին

15:40 | 16.11.2019

Դատարանները բոլոր իշխանությունների ժամանակ քավության նոխազ են եղել.Ալվինա Գյուլումյանը՝ դրանց ցածր վստահության մասին

Ես չեմ հիշում մի պահ, երբ մեր երկրում որեւէ իշխանության օրոք դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 16-ին, «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով հանրության կողմից դատարանների նկատմամբ վստահության խնդրին:

Նրա խոսքով, երբ հասարակությունում ինչ-որ բան այնպես չէ, մեղավոր են դատարանները. «Միգուցե սա բարձր գնահատական է տրված դատարաններին, որ ակնկալիքներն են շատ: Բայց եկեք չմոռանանք, որ երբ ասում ենք՝ դատարանը 6,5 տոկոս վստահություն ունի, եկենք տեսնենք, թե այդ թվից որ տոկոսն է առնչվում դատարաններին, եւ արդյոք հարցվածները երբեւէ դատարաններին առնչված մարդկանց շրջանակից են»,-ասաց Գյուլումյանը:

Նա խոստովանեց, որ այո, դատարանները բարձր վստահություն չեն վայելում. «Բայց պետք է դրա պատճառները գտնենք: Առաջին պատճառը դատարանի պակաս հրապարակայնությունն ու գործունեության ոչ թափանցիկությունն են: Երկրորդ պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանին: Երբ իշխանությունները ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ մեղավոր կարող են լինել դատարանները: Դատարանների վստահությունը բարձրացնելու համար առաջին հերթին քաղաքական իշխանություններն են, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն»,-ասաց ՍԴ անդամը:

Նրա խոսքով, երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, չպետք է մոռանալ, որ իշխանության մյուս թեւերի ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատել. «Դա կարող է անել քաղհասարակությունը, կարող են անել առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը որպես այդպեսին: Բնականաբար, երբ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է առնում դատարանին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից: Այստեղ, այո, կարող է լինել վստահության մեջ անկում»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք