ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշում է ներկայացրել գրավի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

12:12 | 08.11.2019

ՄԻՊ-ը Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշում է ներկայացրել գրավի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Սահմանադրական դատարանի հետ ձևավորված համագործակցության շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ դիրքորոշում գրավի օրենսդրական կարգավորումների և պրակտիկայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վճռաբեկ դատարանի դիմումով վիճարկվող օրենսդրական դրույթը, համաձայն որի՝ գրավը կիրառվում էր որպես կալանքին այլընտրանք, այլ ոչ թե ինքնուրույն խափանման միջոց։

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ կալանքի և գրավի կիրառության դատական պրակտիկայի շրջանակում։ Պաշտպանը, մասնավորապես, ընդգծել է, որ

• մտահոգիչ են գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման ցածր ցուցանիշները,

• բավարար կենսագործված չեն դատարանների կողմից կալանքի կիրառության դեպքում «ազատության կանխավարկածով»

առաջնորդվելու և կալանքը բացառիկ դեպքերում, այսինքն` որպես «վերջին միջոց» կիրառելու սկզբունքները,

• չկա օրենսդրական ուղղակի պահանջ, համաձայն որի՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով կալանքի հարցը քննարկելուց առաջ պետք է դիտարկվի ավելի մեղմ խափանման միջոցների կիրառության հնարավորությունը,

• օրենսդրորեն կալանքի իրավաչափության գլխավոր պայմաններից պետք է համարվի դրա կիրառությունը բացառապես այն դեպքում, երբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել հանցագործության մեջ մեղադրվող անձի պատշաճ վարքագիծը,

• գրավի կիրառման հարցը քննելիս դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն որոշելու, թե արդյոք գրավը արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու նպատակով։ Դատարանը չի կարող օրենսդրորեն կաշկանդված լինել այս հարցում,

• Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով որպես գրավի կիրառման միակ պայման է դիտարկվում քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը:

Ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանը եզրահանգի, որ գրավը կարող է լինել ենթադրաբար հանցանք կատարած անձի կողմից քրեական գործի վարույթը չխոչընդոտելու գործուն երաշխիք, այսինքն՝ գրավի կիրառմամբ կարելի է անձին զերծ պահել քննությանը խոչընդոտելուց, այնուամենայնիվ, կաշկանդված լինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ, չի կարող կիրառել գրավ, և փաստորեն անձը պետք է մնա կալանքի տակ՝ ազատությունից կամայական զրկվածի կարգավիճակում։

Արդյունքում, Պաշտպանն արձանագրել է, որ խնդրո առարկա կարգավորումները կարող են վտանգել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը։
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Սահմանադրական դատարանի մոտեցումը, որ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հրապարակվում են իր որոշումներում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք