Վաշինգտոնը համաշխարհային գերտերություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի խթանման համար

13:05 | 19.10.2019

Վաշինգտոնը համաշխարհային գերտերություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի խթանման համար

Վաշինգտոնը համաշխարհային գերտերություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի խթանման համար՝ խուսափելով ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի մասին հիշատակումից, հաղորդում է AFP-ը:

Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա խորհրդակցությունների ավարտին արված հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ ԱՄՆ տնտեսությունն առանձնանում է համաշխարհային հարթակում եւ արագ աճի հույս ունի՝ շնորհիվ հարկերի նվազեցման եւ կարգավորիչ բարեփոխումների:

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը 2020-ին 0,8 տոկոսով կկրճատի համաշխարհային տնտեսության աճը: Չնայած դրան՝ հիմնադրամը եւս տնտեսական աճի խթանման կոչ է արել:

Մնուչինի խոսքով՝ եթե համաշխարհային կառավարությունները որեւէ գործողություն չձեռնարկեն, ապա Չինաստանում, Գերմանիայում եւ Եվրոպայում տնտեսական դանդաղեցումը կարող է ավելի երկարատեւ եւ խորը լինել, քան ենթադրվում էր: «Թույլ պահանջարկն ու ցածր տոկոսադրույքները համաշխարհային տնտեսության մեջ էական ավելցուկային խնայողության նշաններ են, որն արդյունավետ չի օգտագործվում Չինաստանի, Գերմանիայի, Նիդեռլանդների եւ այլ խոշոր տնտեսություններում»,- ասել է Մնուչինը:  

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն այս տարի առաջ է անցել այլ արդյունաբերական զարգացած երկրներից, նոր նախանշաններ են հայտնվել, որ Թրամփի առեւտրային պատերազմը վնաս է հասցրել ԱՄՆ-ի արդյունաբերությանը, ընդ որում, տուժել է գյուղատնտեսությունը, թուլացել է արտահանման աճն ու կտրուկ նվազել են ներդրումները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք