Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով բոլոր գյուղերը կապահովվեն օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան

17:33 | 10.10.2019

Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով բոլոր գյուղերը կապահովվեն օպիտակամալուխային կապով. Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է նախարարության աջակցությամբ առաջին անգամ Երեւանում անցկացվող «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսի ներքո N2 համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի եւ թվային ենթակառուցվածքների զարգացման։ Նա նշել է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ պետք է զարգանա նաեւ Կառավարության կառուցվածքը, ինչի իրագործմանն էլ միտված է նորաստեղծ նախարարության գործունեությունը, որը ներառում է նաեւ կապի եւ թվային տեխնոլոգիաների ոլորտը՝ ինտեգրված թվային ենթակառուցվածքների հետ։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով։

«Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։

Նախարարն իր խոսքն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք եւ հույս հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի կապի ոլորտը՝ թե՛ ծառայությունների, թե՛ ենթակառուցվածքների մասով, եւս մի քանի քայլ առաջ մղել։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ICANN-ի նախագահ եւ տնօրեն Յորան Մարբին։ Նա կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ նույն գաղափարի շուրջ մեկ տեղում հավաքված տարբեր մասնագետների ու ընկերությունների տեսակետների հանրագումարը կարող է կարեւոր հետեւությունների հանգեցնել՝ արդյունավետ լինելով բոլորի համար։ Նա ներկայացրել է նաեւ իրենց ընկերության գործունեությունը, որը 20 տարուց ավելի է՝ համարվում է ինտերնետ կապի եւ ծառայությունների մատուցման սյուներից մեկը։

Մասնակիցներին ողջույնի խոսք են հղել նաեւ RIPE NCC-ի տնօրեն Աքսել Պավլիկը, Օպերատորների հայկական միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, ArmIGF–ի համակարգող Լիաննա Գալստյանը։

«N2» միջազգային համաժողովի օրակարգում ներառված է 6 առանձնահատուկ միջոցառում՝ Ցանցային օպերատորների խմբի համաժողովը (ArmNOG), Հայաստանի Ինտերնետ կառավարման 5-րդ համաժողովը (ArmIGF), Երիտասարդների Ինտերնետ կառավարման համաժողովը (YIGF), «RIPE NCC» բանկային աշխատաժողովը, Արեւելաեվրոպական DNS 4-րդ համաժողովը, «Իրերի Ինտերնետ հատուկ հետաքրքրությունների խմբի» աշխատաժողովը (ISOC IoT SIG Workshop):

Եռօրյա համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստանը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող խոշորագույն ինտերնետ ենթակառուցվածքներ ունեցող երկիր, հյուսիս-հարավ թվային միջանցքներ, Հայաստանի թվային ապագան եւ այլն։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք