Ախալքալաքում կբացվեն նոր գրադարաններ և կիրակնօրյա դպրոցներ

16:44 | 10.10.2019

Ախալքալաքում կբացվեն նոր գրադարաններ և կիրակնօրյա դպրոցներ

Սամցխե Ջավախքում նախատեսվում է իրականացնել մշակութային եւ կրթական մի քանի նախագծեր, որոնց նպատակն է ազգային փոքրամասնությունների ինտեգրմանն աջակցելը, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Մասնավորապես, Ախալքալաքի շրջանի գյուղերում կբացվեն նոր գրադարաններ, իսկ շրջանի դպրոցներում Թբիլիսիից եկած մասնագետները կանցկացնեն բաց դասերի շարք։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Հասարակական գործերի վրացական ինստիտուտը (GIPA), «Սան Փեթրոլիում» ՍՊԸ-ն (Gulf Georgia) եւ Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանը։ Այս մասին տեղեկացնում է Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության օժանդակության եւ գյուղական շրջանների զարգացման ծրագիրը (ENPARD)։

Նախագիծն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ, «Ախալքալաքի գյուղերի զարգացման նոր մոտեցման աջակցություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ուշադրությունը սեւեռում է կանանց եւ տեղի երիտասարդության ներկայացուցիչների վրա։

Ախալքալաքում կիրակնօրյա դպրոցների բացման նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի Ազգային խորհրդարանական գրադարանի ղեկավար Գեորգի Կեկելիձեն։ Նա նաեւ խոստացել է անձամբ դասեր անցկացնել նման դպրոցում։

«Ես որոշել եմ շաբաթ-կիրակի դասեր անցկացնել Ախալքալաքի գյուղերում, որտեղ ապրում են մեր հայ քաղաքացիները։ Այս շաբաթ սկսում եմ դասերը Բաթումի վրաց-ամերիկյան դպրոցում։ Հետո կշարունակեմ Քութաիսում եւ Թբիլիսիում։ Ես դասավանդում եմ ցածր դասարանցիներին (2-5-րդ դասարաններ)։ Սովորեցնում եմ՝ նրանց ավելի լավ ապագայի եւ ավելի լավ Վրաստանի հույսով։ Դժվար է, բայց անհրաժեշտ»,- գրել է Գեորգի Կեկելիձեն Ֆեյսբուքի իր էջում։

Գրադարանների բացումը տեղի կունենա Ազգային խորհրդարանական գրադարանի «Էկվիլիբրիում» նախագծի շրջանակում։ Այդ ծրագրի շրջանակում գյուղական դպրոցները ողջ Վրաստանում կհամալրվեն գրքերով եւ համակարգիչներով։ Բացի այդ, եթե ինչ-որ գյուղում գրադարան չկա, ապա այն անհատույց կկառուցեն կամ կնորոգեն։

«Էկվիլիբրիում» ծրագիրն իրականացվում է 2012-ից, այդ ընթացքում նոր գրքերով ու համակարգիչներով համալրվել են հարյուրավոր դպրոցներ Վրաստանի տարբեր շրջաններում։

Եվրամիության աջակցությամբ նախատեսվում է հետագայում նման ծրագրեր իրականացնել նաեւ Վրաստանի այլ շրջաններում, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ։

 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք