Իրանի իշխանություններն ազատ են արձակել ռուս լրագրող Յուլյա Յուզիկին, նա արդեն Մոսկվայում է

15:31 | 10.10.2019

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ռուս լրագրող Յուլյա Յուզիկին, նա արդեն Մոսկվայում է

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ռուս լրագրող Յուլյա Յուզիկին, որը ձերբակալվել էր Իրանում հոկտեմբերի սկզբին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«ՌԴ արտգործնախարարության և Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան համատեղ ջանքերի շնորհիվ իրանական կողմը որոշել է Ռուսաստանի քաղաքացի Յուլյա Յուզիկին ազատ արձակել: Հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան լրագրողն Իրանից մեկնել է Մոսկվա»,-ասված է ռուսական դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:

Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի պատասխանատուն հավելել է, որ Յուզիկն իրեն նորմալ է զգում:

Մոսկվայի օդանավակայանում ռուս լրագրողին սպասել են նրա գործընկերները տարբեր հեռուստաընկերություններից և լրատվամիջոցներից:

Յուլյա Յուզիկը Թեհրան էր մեկնել սեպտեմբերի 29-ին՝ մասնավոր հրավերով: Օդանավակայանում անհայտ պատճառով նրանից վերցրել էին անձնագիրը, իսկ հոկտեմբերի 2-ին հյուրանոցում ձերբակալել էին նրան: Դեսպանատան ներկայացուցիչը նշել է նաև, որ լրագրողը տեղյակ չի պահել դեսպանատանը ո՛չ հնարավոր խնդիրների, ո՛չ էլ անձնագիրը վերցնելու մասին, չնայած որ նրա հարազատները խոսել էին հնարավոր խնդիրների մասին:

Հարազատների խոսքերով՝ Յուզիկին մեղադրել էին Իսրայելի օգտին լրտեսության համար, սակայն ինչպես երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին հայտարարել էր Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին, ռուս լրագրողը կապ չունի լրտեսության հետ, պարզապես նրա մոտ առկա էին խնդիրներ՝ վիզայի հետ կապված:

Հիշեցնենք, որ Յուլյա Յուզիկն աշխատում է «Комсомольская правда» թերթի և «Русский Newsweek» ամսագրի խմբագրություններում: 2003 թվականից զբաղվում է գրական գործունեությամբ և լրագրողական հետաքննություններով:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք