Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին․ՄԻՊ-ի ուղերձը

11:06 | 10.10.2019

Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին․ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացման ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։

Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը:

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։

Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն, չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում և այլն:

Լիարժեք գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:

Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք