Երեկ կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը. նա նարկոզի տակ է, չի կարողանում խոսել

12:48 | 08.10.2019

Երեկ կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը. նա նարկոզի տակ է, չի կարողանում խոսել

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի  առողջական վիճակը երեկ սրվել է, բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում ահազանգեցին Գրիգորյանի պաշտպանները։

Փաստաբանները տեղեկացրեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մանվել Գրիգորյանն օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ, որոնք գնալաով կարող են էլ ավելի խորանալ և հանգեցնել մահվան»,–հայտարարեց պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման հերթական պատասպանտուն դատարանն է։ Այսպիսով պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմէ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է  պատշաճ հսկողության տակ։ Այսպիսով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ 5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատարանը շուրջ 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու  նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք