Բրենդների պատերազմ. Newmag-ի արձագանքը՝ Յուրի Ջորկաեֆի մտահոգությանը

18:21 | 07.10.2019

Բրենդների պատերազմ. Newmag-ի արձագանքը՝ Յուրի Ջորկաեֆի մտահոգությանը

«Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքի հայերեն հրատարակության մեջ գովազդային էջի առկայությունը մտահոգել է Յուրի Ջորկաեֆին: Newmag-ն անդրադարձել է ֆուտբոլիստի արձագանքին և ներկայացրել գովազդային էջի անհրաժեշտության շուկայական և պայմանագրային հիմքերը:

«Newmag ընկերությունը հրատարակել է Յուրի Ջորկաեֆի «Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը։ Այն արդեն բոլոր գրախանութներում է։ Այս առիթով ինքը՝ ֆուտբոլիստը, ուրախությամբ արձանագրելով գրքի հրատարակումը, մտահոգություն է հայտնել գրքում եղած գովազդային էջի առիթով։

Newmag-ը որդեգրել է համաշխարհային գրականության լավագույն նմուշները թարգմանելու և հայ ընթերցողին ցածր գնով ներկայացնելու քաղաքականություն։ Եվ որպեսզի դա հնարավոր լինի, մենք ամեն գրքի հրատարակման համար ներգրավում ենք հովանավորի։ Հովանավորը ստանում է գովազդային մեկ էջ։ Ընդամենը մեկ էջ: Այս հանգամանքի շնորհիվ գիրքը Հայաստանում վաճառվում է 4,800-5,800 դրամով, ոչ թե շուկայի թելադրանքով՝ 9,800-11,000։ 

Մենք քաջ գիտակցում էինք, որ Յուրի Ջորկաեֆը Softconstruct-ի և VBET-ի դեսպանն է, և տրամաբանական կլիներ, որ գովազդային էջին լիներ հենց Vivarօ-ի գովազդը։ Սակայն Ջորկաեֆի գրքի հրատարակման խնդրի քննարկման փուլում հովանավորելու պատրաստակամություն էր հայտնել մեկ այլ ընկերություն։ Ընդ որում այդ շրջանում Ջորկաեֆը դեռ չէր ստորագրել Softconstruct-ի և VBET-ի դեսպան լինելու պայմանագիրը։ 

Ինչի՞ մասին է Յուրի Ջորկաեֆի «Ֆրանսիական ֆուտբոլի օձը» գիրքը

Newmag-ը պայմանագիրը չէր կարող խզել, որովհետև երկարաժամկետ գործակցության պատմություն և ծրագրեր ունի այդ գործընկերոջ՝ Ջորկաեֆի գրքի հովանավորի հետ։

Ցավալի է, որ Newmag-ը հայտնվել է բրենդների պատերազմում: Newmag-ը զբաղված է մի գործով՝ գիրք հրատարակելով։ Մենք չենք ցանկանում բրենդների պատերազմում ոչ քավության նոխազ լինել, ոչ էլ մրցակցության գործոն դառնալ։  Մենք բաց ենք բոլորի համար: Երբեք չենք մերժել որևէ մեկին, որը համատեղ ծրագրերի ցանկություն է հայտնել։ 

Իսկ գիրքն իսկապես հետաքրքիր է: Այն առաջին դեմքով պատմում է հայ-ֆրանսիական ֆուտբոլային աստղի վերելքը, մեծ հաղթանակներն ու նրա կյանքի՝ մինչև այժմ երբեք չհրապարակված դրամատիկ պահերը, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են բոլոր հռչակավոր անհատականություններին»,-պարզաբանել է Newmag-ը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք