«Ոնց վարչապետն է իր ուզածին հասել ճանապարհ փակելով, այդպես էլ մենք կհասնենք». մարզպետին լսելուց հետո նորաշենցիները որոշեցին ակցիան շարունակել Կառավարության մոտ

14:00 | 01.10.2019

«Ոնց վարչապետն է իր ուզածին հասել ճանապարհ փակելով, այդպես էլ մենք կհասնենք». մարզպետին լսելուց հետո նորաշենցիները որոշեցին ակցիան շարունակել Կառավարության մոտ

Արարատի մարզի Նորաշեն համայնքում կրկին բողոքի ակցիա էր՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը Նորաշենում լրագրողների հետ զրույցում ասաց, որ  

խնդիրն արդեն հանրային հնչեղություն է ստացել. «Ես կարծում եմ, որ պետք է տեղեկացնել հասարակությանը, երեկ ունեինք իրավիճակ, որ համայնքապետն ասում էր՝ ես չեմ հրաժարվելու, մնալու եմ, սակայն այսօր որքան հետևեցի իրավիճակին, տեղեկացա, որ խոսք կա, թե ով պետք է լինի համայնքի ԺՊ: Հիմա այս դեպքում ինձ մոտ կան կասկածներ, որ ճնշում է բանեցվում համայնքապետ Նորայրի վրա»,- ասաց նա և հավելեց. «Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք մի բան, որ այս իրավիճակի փոփոխությունը տեղի ունեցավ, երբ ոստիկանությունում համայնքապետը որոշակի զրույց ունեցավ»:

Նա նշեց, որ համայնքապետի ԺՊ նշանակված անձի մասին մարզպետն ասել է, որ ավագանու անդամ ակտիվ է եղել, սակայն համայնքապետը իրեն տեղեկացրել է, որ ավագանու 27 նիստից 24-ին չի մասնակցել:

Հարությունյանը նշեց, որ Նորաշենում արդեն երեք օր է՝ լարված իրավիճակ է, պետք է գտնել որոշակի կոմպրոմիսային լուծում, որ այս խնդիրը հանգուցալուծվի:

Ապա լրագրողների հետ կարճ զրուցեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, նա լրագրողներին տրամադրեց նախարար Սուրեն Պապիկյանի կողմից իրեն հասցեագրված փաստաթուղթ և իր կարգադրությունը, որով համայնքի ԺՊ է նշանակել:

«Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում»,- ասաց մարզպետը: Բնակիչները տարբեր վանկարկումներով թույլ չէին տալիս մարզպետին խոսել, նա միայն հայտնեց, որ օրենքի ուժով համայնքնի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենն արձանագրել է  այդ փաստը: Սարգսյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ անելուց, նստեց մեքենան և հեռացավ: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս:

Մարզպետի հեռանալուց հետո Բաբկեն Հարությունյանը նշեց, որ լարված իրավիճակում մարզպետը թողնում է համայնքը, նստում է մեքենան ու գնում՝ առանց հաշվի առնելու, որ այս համայնքում ստեղծում է խժդժություններ:

Բնակիչներն էլ նշեցին, որ գնալու են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու: «Գնալու ենք կառավարություն, երբ գալիս է ՌԴ նախագահը, փակելու ենք ճանապարհը, ինքը (վարչապետ /խմբ./) այս ճանապարհով է իր աթոռին  հասել, մենք էլ այդ ճանապարհով կհասնենք արդարության, ոնց ինքն է հասել իր ուզածին, այդպես էլ մենք կհասնենք մեր ուզածին»,- ասաց բնակիչներից մեկը:

Այս պահին նորաշենցիները գալիս են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք