Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ. Վանեցյան. Factor.am

16:06 | 17.09.2019

Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ. Վանեցյան. Factor.am

Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ: Այս մասին Factor.am  հետ զրույցում ասել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ արդյոք ինքը գիտակցո՞ւմ է, թե իր հայտարարությունում Հայաստանի անվտանգության համար որքան վտանգավոր ձևակերպումներ կան, Վանեցյանը պատասխանել է. «Ես իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված, և երբ կլինի անհրաժեշտություն, ես կմեկնաբանեմ հրաժարականի տեքստը: Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ, չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս 1.5 տարվա ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունն ու վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը, և կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների մոտ երեկվանից նկատվող խանդավառության մասով ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, և ոնց կշարունակենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանը, թե՝ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն», Վանեցյանը ասաց. «Այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա, և ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են կապել դրանց հետ: Որևէ մեկը ինձ չփորձի կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա ՀՀ օրենքների առջև: Վարչապետը երեկ հայտարարեց, որ կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»:

Նա նշեց, որ վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություններ:

Հարցին՝ արդյոք ինքը զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ որևէ բան բացառել պետք չէ. «Երբ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն  իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին ես կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք