Աթամբաևի կողմնակիցները հրաժարվել են հանրահավաքի գաղափարից՝ սահմանին տիրող իրավիճակի պատճառով

13:54 | 17.09.2019

Աթամբաևի կողմնակիցները հրաժարվել են հանրահավաքի գաղափարից՝ սահմանին տիրող իրավիճակի պատճառով

Կոռուպցիայի համար մեղադրվող Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հրաժարվել են նախօրոք ծրագրած հանրահավաքից՝ Տաջիկստանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, որտեղ ավելի վաղ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն` հղում անելով Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևայի հայտարարությանը:

Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում գտնվող Աթամբաևի կողմնակիցներն ավելի վաղ նախկին ղեկավարի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանրահավաք-համերգ էին ծրագրել:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհուրդը ճիշտ չի համարում Աթամբաևի ծննդյան օրվա առթիվ նախօրոք պլանավորած հանրահավաքի անցկացումը: Այս պահին, երբ սահմանին շարունակվում են բախումները, հանրահավաքի և տոնական որևէ միջոցառման անցկացումն անհարգալից վերաբերմունքի դրսևորում կլիներ տուժածների ընտանիքների և հարազատների հանդեպ»,- գրել է Ժոլդուբաևան Facebook-յան իր էջում:

Ժոլդուբաևայի խոսքով` նախկին նախագահի ծննդյան օրվա առթիվ կուսակցությունը շնորհավորական ուղերձներ է ստանում ոչ միայն ղրղզստանցիներից, այլև օտարերկյա քաղաքացիներից և կազմակերպություններից. Աթամբաևին մասնավորապես շնորհավորել է Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար կազմը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոհվել և ավելի քան 10 մարդ վիրավորվել: Միջադեպի պատճառ է հանդիսացել պետական սահմանի չթույլատրվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման հանգամանքը: Երկու երկրների զինվորականների միջև փոխհրաձգությունը շարունակվել է մի քանի ժամ:

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի սկզբին: Մինչ այդ նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների միջև զինված պայքար է տեղի ունեցել: Բախման հետևանքով 136 անձ է տուժել:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք