Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու

13:18 | 13.09.2019

Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու

2015-ի նոյեմբերի 25-ին  Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 13–ին միջնորդեցին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին։

Նշենք, որ գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է այժմ գտնվում կալանքի տակ. ամբաստանյալներից շատերն ազատվել են կալանքից 2018թ. ամռանը՝ հետհեղափոխական շրջանում։

Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին տեղեկացրեց, որ Արթուր Վարդանյանը շուրջ չորս տարի է գտնվում է կալանքի տակ։

Ըստ Բաղդասարյանի՝  բացակայում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն եթե առկա են նման հիմքեր, ապա դատարանը կարող է Վարդանյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կալանք կրելու ընթացքում ձեռք է բերել մի շարք հիվանդություններ, ինչի արդյունքում նրան երեք անգամ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազը։

Ըստ նրա՝  դեռևս առկա է քննությանը խոչընդոտելու ռիսկ և նա, հայտնվելով ազատության մեջ հնարավոր է հետագայում հրաժարվի ենթադրյալ պատժի կրումից։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, ում վերջերս է մակագրվել «Զինված խմբի» գործը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի քիչ անց։

Հիշեցնենք, որ գործը վերամակագրվել էր դատավոր Մեսրոպ Մակյանին այն բանից հետո, երբ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Բեկթաշյանի նախագահությամբ գործի քննելու տարիներին պաշտպանական կողմը բազմիցս միջնորդել է Վարդանյանին ազատ արձակել կալանքից, սակայն դատարանը մերժել է։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։ 19 ամբաստանյալներից այժմ միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք