Բրիտանական կառավարությունը հաստատել է առանց գործարքի Brexit-ի դեպքում քաոսի վտանգը

13:00 | 12.09.2019

Բրիտանական կառավարությունը հաստատել է առանց գործարքի Brexit-ի դեպքում քաոսի վտանգը

ԵՄ կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելանյութի դեֆիցիտով, սահմանին խափանումներով եւ զանգվածային բողոքներով: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության «կոշտ» Brexit-ին նախապատրաստվելու ծրագրում, որը կառավարությունը չորեքշաբթի հրապարակել էր ընդդիմության ճնշման ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Yellowhammer կոչվող 5-էջանոց ծրագրի մանրամասները ճշգրիտ համընկել են անցյալ ամսվա վերջին The Times-ի հրապարակմանը՝ հիմնված Թագավորության կառավարությունից արտահոսքի վրա: Տարբերությունն այն է, որ բրիտանական պարբերականն այդ ժամանակ այս ծրագիրը ներկայացնում էր որպես իրադարձությունների հնարավոր զարգացման բազային սցենար, մինչդեռ այն բուն փաստաթղթում որակվել է որպես «վատթարագույն սցենար»:

«Թարմ արտադրանքի որոշ տեսակների հասանելիությունը կնվազի: Վտանգ կա, որ խուճապահար գնումը կհանգեցնի պարենի մատակարարումների խափանումների»,- նշված է փաստաթղթում: Առանձնապես ծանր իրավիճակ կստեղծվի բժշկական դեղամիջոցների դեպքում:

Կառավարությունը նաեւ վախենում է, որ ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալը կհանգեցնի նրան, որ բեռնատարները Լա Մանշը կհատեն ընդհուպ մինչեւ 2,5 օր տեւողությամբ ուշացումով, իսկ այս իրավիճակը կարող է տեւել մինչեւ 3 ամիս: Դրանից բացի, դժվարություններ կառաջանան ուղեւորների համար, որոնք երկրից հեռանալու են նավահանգիստներով եւ օդանավակայաններով, իսկ երկրի որոշ շրջաններում կզգացվի վառելանյութի պակաս:

Հնարավոր անկարգությունների վերաբերյալ փաստաթղթում նշված է. «Բողոքի ցույցերը եւ հակացույցերը կանցկացվեն ամբողջ Մեծ Բրիտանիայում եւ կարող են կլանել ոստիկանության զգալի ռեսուրսներ: Հնարավոր է նաեւ հանրային անկարգությունների եւ հասարակության շրջանում լարվածության աճ»:

Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ միությունից դուրս գալու մասին գրավոր իրազեկելուց հետո 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որ ձեռք էր բերվել Բրյուսելի եւ վարչապետ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ն համաձայնվել էր Brexit-ը տեղափոխել ապրիլ կամ մայիս, այնուհետեւ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված էր հրաժարական ներկայացնել՝ չկարողանալով իրավիճակը փակուղուց հանել:

Նրան փոխարինած Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ երկիրը ԵՄ-ից դուրս կգա հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց գործարքի: Ընդդիմադիր կուսակցությունները իշխող Պահպանողական կուսակցության մի շարք պատգամավորների աջակցությամբ օրենք էին ընդունել, որը կառավարությունից պահանջում է Brexit-ը 3 ամսով հետաձգել եւ արգելում է առանց համաձայնագրի դուրս գալ: Ջոնսոնը, սակայն, չնայած այս օրենքին, խոստանում է ԵՄ-ից դուրս գալ մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ հավաստիացնում է, որ հետաձգում չի խնդրի:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք