Անձրևին 3 կմ քայլել է, հյուծվել ու ընկել մասրենու մոտ. մանրամասներ 15–ամյա աղջկա մահվան դեպքի մասին

18:46 | 11.09.2019

Անձրևին 3 կմ քայլել է, հյուծվել ու ընկել մասրենու մոտ. մանրամասներ 15–ամյա աղջկա մահվան դեպքի մասին

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում անհետ կորած և երեք օր անց հարակից Կախակն գյուղի տարածքի սարալանջին մահացած հայտնաբերված 15-ամյա Արեգայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնեցին քննչական կոմիտեից։

Նախնական վարկածի համաձայն՝ աղջկա մահը վրա է հասել հյուծվելու և ցրտի հետևանքով։

15–ամյա Արեգան, ով տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ, կորել էր սեպտեմբերի 6–ի երեկոյան։ Ըստ մոր պատմածի՝ երեխան անհետացել է հանդից անասունները բերելուց հետո՝ րոպեների ընթացքում. մայրը դստերը հորդորել է սպասել դրսում, մինչև անասուններին գոմ տանի, իսկ երբ դուրս է եկել, երեխան տարածքում չի եղել։

Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը հայտնեց, որ երեխայի ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում, մայրը հարևանների անասուններն է պահում և այդպես օրվա ապրուստը վաստակում են։

Թովմասյանը նշեց, որ  Արեգան զույգ եղբայր ունի և իրենից ավագ եղբայր, որը նույնպես մասնակցում էր քրոջ որոնողական աշխատանքներին։

Գյուղապետը հայտնեց, որ  աղջկա որոնողական աշխատանքներին մասնակցել են Գեղամասար խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի բնակիչները։

Վարչական ղեկավարի խոսքով՝ երեխան հայտնաբարվել է գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող սարալանջի տարածքում՝ մասրենու ծառի մոտ։

Ուշագրավ է, որ նույն տեղանքում քրոջը որոնել է եղբայրը, սակայն նրան չի նկատել։ Երեխայի դին հայտնաբերել է Կախակն համայնքի վարչական ղեկավարի որդին։

Նախնական վարկածի համաձայն՝ երեխան անընդմեջ քայլել է, սովից հյուծվել և մահացել։

«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երեխան կարող է այդքան անմատչելի քերծերը հաղթահարել և հայտնվել սարալանջի վրա։ Այդ օրերին չափազնաց ցուրտ էր, անձրև էր տեղում և մառախուղ էր, երեխան երեք օր հաց չի կերել, հյուծվել է. տեղից էլ թույլ երեխա էր, ոտքը մի մետրի չափով սահել է և մասուրի ծառերին հասել՝ մնացել է...»,–պատմեց Մակիչ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ: Սեպտեմբերի 10–ին հայտնաբերվել է երեխայի դին՝ Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն. երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք