Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերին

16:31 | 11.09.2019

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերին

Սեպտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Զրուցակիցները համակարծիք էին, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջեւ խաղաղության ու անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը բարձր գնահատեցին ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու եւ ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման եւ մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական եւ անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները: Այդ առնչությամբ նաեւ բարձր գնահատվեց ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք