Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը. ԱՆ

10:20 | 14.08.2019

Առաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը. ԱՆ

2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների եւ փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել եւ հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում  ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաեւ  անհանդուժողականության, խտրականության եւ բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, Ռասիզմի եւ այլատյացության որոշ ձեւերի եւ արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ եւ հրապարակային հրահրման, ինչպես նաեւ միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երեւույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության:

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի  Եվրոպական հանձնաժողովի «ատելության խոսքի» դեմ պայքարի թիվ 15 հանձնարարականի համաձայն՝ «ատելության խոսքը» կարող է հանգեցնել այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման, թշնամանքի եւ խտրականության: Վերոնշյալ հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսեւորման համար: Մասնավորապես, հանձնաժողովը խրախուսել է պետություններին քրեական պատասխանատվություն նախատեսել բռնության, ատելության կամ խտրականության հրապարակային հրահրման համար:

Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր՝ Հայաստանին ուղղված 2017 թվականի հանձնարարականում խրախուսում է պետությանը իր քրեական օրենսգրքով նախատեսել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների (hate crime) համար պատասխանատվություն:

Միեւնույն տրամաբանությունն է ընդգծված «Ատելության խոսքի» վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի թիվ R (97) 20 հանձնարարականում, որի 2-րդ սկզբունքի համաձայն` անդամ պետությունների կառավարությունները պետք է ստեղծեն կամ պահպանեն ատելության բորբոքման դեմ պայքարի այնպիսի ամուր իրավական հիմքեր, որոնք յուրաքանչյուր դեպքում  կապահովեն անհրաժեշտ հավասարակշռությունը խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության  պաշտպանության միջեւ։

Նախագծի նպատակն է համարժեք պայքար մղել ատելության խոսքի ծայրահեղ դրսեւորումների դեմ: Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության գործիքն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ ատելության խոսքն ուղղված է բռնության հրահրմանը առանձին անձանց կամ անձանց խմբի նկատմամբ: Ատելության խոսքի՝ բռնություն հրահրող դրսեւորումները այս կամ այն տարբերակով քրեականացվել են մի շարք երկրներում՝ Կանադայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում, Բելգիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Լեհաստանու, Մոլդովայում եւ այլ երկրներում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք