Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է. ԱՆ

17:48 | 13.08.2019

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է. ԱՆ

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ լրամշակված նախագծով՝

«1. «Հաշվառում» ձևակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեև Արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի,  տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է  հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

2. Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում  ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան  օգտվել պետության տրամադրած արտոնությունից»: 

Նշվում է, որ առաջիկա օրերի ընթացքում նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք