Ապրել մաքուր խղճով ու չդառնալ գերի էժան, ժամանակավոր երևույթներին․ Լուիզա Մուրադյան

13:30 | 30.07.2019

Ապրել մաքուր խղճով ու չդառնալ գերի էժան, ժամանակավոր երևույթներին․ Լուիզա Մուրադյան

Երգչուհի Լուիզա Մուրադյանը ուրախ ու ակտիվ անձնավորություն է։ Առօրյայում գրեթե միշտ վազքի մեջ է։ Նրա համար մաքուր խղճով ապրելն ու գերի չդառնալը էժան, ժամանակավոր երևույթներին կյանքում ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Մարդկային հարաբերություններում Լուիզայի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է, որը, ցավոք, ինչպես ինքն է նշում, շատերի մոտ բացակայում է։ Այդպիսին է Լուիզա Մուրադյան անհատականությունը՝ համբերատար, բարի, նպատակասլաց ու աշխատասեր։ Ըստ նրա՝ միայն այս հատկանիշների շնորհիվ մարդը կարող է բարձունքներ գրավել։

-Լուիզա, դուք Ձեր առաջին քայլերն եք կատարում երգարվեստում և արդեն ունեք նոր տեսահոլովակ, որը կոչվում է՝ «Կյանքիս իմաստ», և, կարծես թե, Ձեզ համար սկսվում է հաջողությունների նոր շրջան։ Պատմեք տեսահոլովակի մասին։ Երբ գրում էիք երգը, պատկերացնու՞մ էիք, թե ինչ կերպարով եք հանդես գալու։ Դիմե՞լ եք ոճաբանի օգնությանը, թե՞ դա էլ եք ինքնուրույն արել ։

-Ինձ ճանաչողները գիտեն, որ, հիմնականում, իմ արտաքին տեսքով  զբաղվում եմ ես, բայց այս դեպքում, բնականաբար, դիմել եմ համապատասխան մասնագետներին, իհարկե, նախապես, մոտավոր պատկերացրել եմ իմ կերպարները և որից հետո`մոդելավորման համար դիմել Սիլվա Սորֆազյանին, ով ամբողջությամբ իրականացրեց իմ ցանկությունը և շատ գեղեցիկ լուծումներ տվեց իմ հագուստներին:

-Տեսահոլովակը նկարահանելիս ու՞մ հետ եք համագործակցել։ Ո՞վ է աջակցել նկարահանման ողջ ընթացքում։

-Տեսահոլովակի նկարահանումը վստահեցի Արթուր Մելքոնյանին, դիմահարդարումը`դերասանուհի Անատի Սաքանյանին, իսկ վարսահարդարումը՝ Մարիա Առաքելյանին ու դարձյալ Անատի Սաքանյանին։ Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Արսեն Հակոբյանն է: Նկարահանմանն աջակցել է Հրաշք Այգի ռեստորանային համալիրը: Բոլորին շատ շնորհակալ եմ: Նկարահանման ընթացքում իմ կողքին են եղել նաև իմ ամենամտերիմ հարազատները, և իմ բարին կամեցող մարդիկ, ովքեր աջակցել են ինձ ամենափոքր դետալից սկսած, նաև՝ հոգեբանորեն, որովհետև լարվածությունս շատ մեծ էր և նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տևել:

-Ո՞վ է ընտրել տեսահոլովակի սյուժեն, վայրը։ Ո՞վ է տեսահոլովակի տղան։

-Սյուժեն դարձյալ ինքս եմ մտածել, բայց, անշուշտ, փոխանակվել ենք մտքերով Արթուր Մելքոնյանի հետ, քննարկել շատ ու շատ հարցեր և եկել ընդհանուր համաձայնության: Վայրերի ընտրությունը, կարելի է ասել, նույնպես եղել է փոխհամաձայնության արդյունքում: 

Տեսահոլովակի հերոսը՝ Գևորգ Խաչատրյանն է, ով մասնագիտությամբ սպորտսմեն է։ Մենք նրա հետ ֆեյսբուքյան ընկերներ ենք եղել, և մինչ այդ իրար անձնապես չենք ճանաչել, բայց նկարահանումներից հետո, կարող եմ վստահաբար ասել, որ մենք լավ ընկերներ դարձանք։ Ես փնտրում էի իմ պատկերացրած կարպարը, ու մի քանի տարբերակներ կային իմ տեսադաշտում, բայց, ըստ իս, ամենից շատ Գևորգն էր համապատախանում իմ պատկերացրած կերպարին, որոշեցի դիմել նրան, Գևորգն էլ սիրով ընդունեց առաջարկս, իսկ արդյունքն ինձ լիարժեք գոհացրեց, հատկապես Գևորգի դերասանական խաղի մասով:

-Ո՞վ է ձեր առաջին քննադատը։ Կա՞ մեկը, ում կարծիքն ամենակարևորն եք համարում։

-Տեսակով ինքնաքննադատ մարդ եմ, բայց բաներ կան, որ կողքից ավելի տեսանելի են: Ընտանիքիս անդամների հետ միշտ քննարկումներ ունենում եմ, բայց կա մարդ՝ ում կարծիքն առավել եմ կարևորում։ Խոսքս վոկալի ուսուցչուհուս՝ Նարինե Մկրտումյանի մասին է։ Նա շատ մեծ տեղ ունի իմ կյանքում, ու իր խոսքն ինձ համար այլ կշիռ ունի, սկսած՝ մասնագիտականից:  

-Որքա՞ն ժամանակում եք նկարահանել տեսահոլովակը և ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

-Նկարահանումը բաղկացած էր 3 տեսարանից, բայց նկարահանումների ընթացքը տևել է 2 օր: Սակայն դժվարությունների մասին խոսել չեմ ուզում: Պարզապես իմ առաջին տեսահոլովակն էր ու իմ անհանգստությունը շատ մեծ էր։ Հուզմունքիս պատճառով 2 նկարահանման օրերին էլ չեմ քնել: Նկարահանումներն ավարտելուց հետո առավել ծանր էին սպասումները:

-Տեսահոլովակը ունենալու՞ է շարունակություն։ Նկատի ունեմ սպասե՞նք նոր տեսահոլովակների, լինելու՞ են նոր երգեր։

-Իհարկե կլինեն, տեսնենք:  

-Որքան ինձ հայտի է, Դուք տարբերվում եք Ձեր տեսակով մյուս բոլոր արվեստագետներից նրանով, որ բոլորովին էլ մտադիր չեք մուտք գործել շոուբիզնես։ Այդ պարագայում ո՞րն է եղել տեսահոլովակ նկարահանելու միտումը։ Երազանքի իրականացու՞մ էր, թե․․․

-Այո, որպես այդպիսին, նման միտում և գերնպատակ չունեմ, իսկ տեսահոլովակիս նկարահանումն ավելի շատ հոգու պահանջ էր, ինչու չէ նաև երազանք:

-Լուիզան ունի՞ սիրելի էակ։ Ու՞մ է, այուամենայնիվ, նվիրված երգը։ Քանի որ երգի խոսքերի հեղինակը Դուք եք, իրավունք եմ վերապահում այս հարցը տալ, որովհետև երգը չէր ծնվի, եթե չլիներ այն ներշնչողը։

-Երգի հիմքում ընկած է իրական սիրո պատմություն ու այն անմիջականորեն կապված է ինձ հետ , իսկ թե կոնկրետ ում է հասցեագրված երգը՝ թող դա մնա գաղտնիք …

-Հայ և համաշխարհային աստղերի ազդեցությունը կա՞ ձեր երգարվեստում։ Ու՞մ ստեղծագործություններից եք ներշնչվում։

-Անշուշտ, լինի թե՛ համաշխարհային և թե՛ հայ մեծություն, նրանցից միշտ սովորելու բան ունենք, քանի որ ես հիմնականում ջազի սիրահար եմ, ջազային կատարողներից եմ ներշնչվում:

-Ինչպիսի՞ն է Լուիզան առօրյայում, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունի ապագայում։

-Առօրյայում գրեթե միշտ վազքի մեջ, ակտիվ, ուրախ: Իհարկե, ունեմ նպատակներ, երազանքներ, բայց, թերևս, չարժե դրանց մասին խոսել, ավելի ճիշտ է դրանք լուռ իրականացնել:

-Բացի երգարվեստից, Ձեզ ուրիշ ոլորտում պատկերացնու՞մ եք։ Եթե, այնուամենայնիվ, չունենայիք երգելու շնորհը, ո՞ր բնագավառում հանդես կգայիք։

-Հավանաբար, նորից կընտրեի արվեստի ճյուղը կամ պար կամ թատերարվեստ, քանի որ պարել շատ եմ սիրում և, հատկապես, լատինոամերիկյան ոճի պարերն են ինձ գրավում։ Կարողանում եմ նաև նմանակումներ անել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կկարողանայի նաև այդ ոլորտում ինձ դրսևորել:

-Վերջում ի՞նչ կավելացնեք։

-Շնորհակալ եմ Աստծուն իմ ճանապարը հարթելու համար և բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ իմ կողքին են անկախ հեռավորությունից և հանգամանքներից: Շնորհակալ եմ նաև այն բոլոր մարդկանց, ում հետ ես աշխատեցի:

Տեսահոլովակը դիտեք ստորև։

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք