Տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել. Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել

16:22 | 23.07.2019

Տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել. Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել

Ինչ լրատվամիջոցները տալիս են, 99 տոկոսը սուտ է. այսօր դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանի եղբոր որդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ 25 տարվա վաղեմության գործի վերաբացումից հետո Մանվել Գրիգորյանը կարող է որևէ կարգավիճակ ունենալ, քանի որ խոսվում էր այն մասին, որ ցուցմունք տվողների վրա վերջինս ճնշում է գործադրել:

Նազիկ Ամիրյանը վստահեցրեց, որ որևէ տեսակի հարաբերություններ Հրանտ Գրիգորյանի հետ իրենց ընտանիքը չունի: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում էր Էջմիածնի բնակիչ, գործարար Էդուարդ Պողոսյանի հոր՝ Մհեր Պողոսյանի մահվան գործով 25 տարի վաղեմության գործով դատավճռի դեմ զինդատախազի բողոքի քննությունը. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը մեղադրվում է 25 տարի առաջ կատարված սպանության մեջ:

Պատասխանելով այն հարցին, թե համացանցում տարածված լուսանկարում պատկերված անձի հետ Մանվել Գրիգորյանը որքանով կապ ունի՝ հաշվի առնելով, որ այդ անձը այժմ հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանն է իրեն շղթայած պահել և կտտանքների ենթարկել, Նազիկ Ամիրյանը պատասխանեց, թե նման պնդում անելու համար պետք է հիմք վերցնել ժամանակագրությունը, թե տվյալ ժամանակահատվածում Մանվել Գրիգորյանը որտեղ է եղել: «Ինքը մարտի դաշտում է եղել, մի ալարեք, վերցրեք ժամանակահատվածը նայեք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր դեմ մեղադրանքներին, Նազիկ Ամիրյանն ասաց, որ դատական պրոցեսը գնում է, եթե մեղադրող կողմն այդքան վստահ է, որ ինքը հանցանք է գործել, թող դատարանը ապացուցի:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք