«Ես տուն կվերադառնամ» ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը

18:27 | 09.07.2019

«Ես տուն կվերադառնամ» ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Ես տուն կվերադառնամ» լիամետրաժ կինոնկարով բացվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագիրը. ֆիլմը պատմում է հոգեբանական բարդ իրավիճակում հայտնված հայկական ընտանիքի մասին:

Հուլիսի 9-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել ֆիլմի ռեժիսոր Դարյա Շումակովայի  և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի հետ:

Ռեժիսորն ասաց, որ Հայաստանում ֆիլմն առաջին անգամ է ցուցադրվում: Մինչ այդ այն ներկայացվել է  մի շարք փառատոներում:

«Երբ հանդիպեցինք Բենիկի հետ, նա ասաց, որ ցանկանում է ֆիլմ նկարահանել տղայի մասին, որը սպասում է հոր վերադարձին: Համաձայնեցի, և որոշեցինք գալ Հայաստան` Շամշադինի շրջան (ներկայիս Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան - խմբ.)` Մովսես գյուղ` Բենիկի ծննդավայր: Զրուցեցինք տեղացիների հետ, մարդկանց, որոնք առնչություն են ունեցել պատերազմի հետ, հիշում են հետաքրքիր դրվագները»,-պատմեց Շումակովան և հավելեց, որ դերասանները որոշ ժամանակ են անցկացրել գյուղում` միջավայրին, նիստուկացին ընտելանալու համար:

Նրա խոսքով` ինքը սիրահարված է Հայաստանին: «Մեզ ամեն բան դուր է գալիս այստեղ: Մեր օպերատորը յուրահատուկ է համարում տուֆ քարի տեսակը: Նա ասում է, որ հրաշալի են երկրի գույները. ամեն բան»,-շեշտեց Շումակովան:

Առաքելյանն էլ ասաց, որ իրենց առջև դրված խնդիրը լուծել են: «Մենք ցանկանում էինք նկարահանել հայ-ռուսական կինո, և արեցինք դա: Բոլոր դերասանները Երևանից են: Կարծում եմ` Դաշան (Դարյա անվան կարճ տարբերակը - խմբ.) հայկական կոլորիտն իր պատկերացմամբ ու ընկալմամբ է մատուցել: Նա հայերի հանդեպ իր ամբողջ սերն է ցույց տվել ֆիլմում»,-նշեց պրոդյուսերը:

Կինոնկարում ընտանիքի հայրը վերադառնում է պատերազմից, իսկ նրա որդին չի համակերպվում այն մտքի հետ, որ տանը հասուն տղամարդ պետք է ապրի: Փոքրիկի ուղեղում հոգեբանական հակասություն է հասունանում, որը դրդում է տղային հեռանալ տնից:  Որոնումների, մտորումների արդյունքում երեխան  բացահայտում է ինքն իրեն, սկսում է հասկանալ իր զգացմունքներն ու մտքերը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք