Գուցե հեղափոխությու՞նն է «փայ մտել» Սաշիկի բիզնեսի մեջ. Սաշիկ Սարգսյանի «30 Միլիոնի» գաղտնիքը.

12:04 | 03.07.2019

Գուցե հեղափոխությու՞նն է «փայ մտել» Սաշիկի բիզնեսի մեջ. Սաշիկ Սարգսյանի «30 Միլիոնի» գաղտնիքը.

«Առաջին լրատվական»-ը գրում է

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանը, երեկ մինչև իր գործով դատական նիստի մեկնարկը վրդովվել է, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե որտեղից իր հորը 30 մլն դոլար:

 

Լրագրողները հիշեցրել են Սարգսյանին, որ ավելի վաղ այդ մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞ւր են: Ո՞ւր են»,- ձայնը բարձրացրել է նախկին նախագահի եղբորորդին՝ պահանջելով փաստեր:

 

Թվում է՝ գործ ունենք լակոնիկ մի դրվագի հետ, որը բացահայտում է կոնկրետ երիտասարդի լկտիություն, որի մասին մինչև հեղափոխությունը Հայաստանում լեգենդներ էին պտտվում։ Դա, իհարկե, այդպես է, սակայն խնդիրն ավելի բարդ ու բազմաշերտ է։

Բանն այն է, որ պատկան մարմինները տարօրինակ ընթացք են տվել Սերժ Սարգսյանի եղբորն առնչվող քրեական գործին, ինչի հետևանքով Սաշիկ Սարգսյանը թերևս մեղադրյալից վերածվել է մեկի, ով այս ընթացքում ուզած պահի կարողացել է շրջագայել աշխարհով մեկ, դարձել է «բարեգործ», ով պետությանը վերադարձրել է «արդար քրտինքով» վաստակած միլիոննները։ Նման «թավշյա» վերաբերմունքը հանդուգն երիտասարդի մոտ «արթնացրել» է «քուչի թասիբը», ու նա լրագրողներից հաշիվ է պահանջում տրված հարցերի համար։

Ընդամենը մեկ տարի առաջ հասարակությունն էր պահանջատերը ու Սերժ Սարգսյանից ու նրա մերձավոր շրջապատից հարցնում էր թալանված միլիոնների, տխրահռչակ «50/50»-ի մասին, սակայն մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինները ոչինչ «չբացահայտեցին»՝ «մաքրելով» երրորդ նախագահին ու նրա շրջապատին, որոնք այսօր հոխորտում են լրագրողների վրա, վաղը վստահաբար կլկտիանան ավելի մեծ միջավայրերում։

Սաշիկի «30 միլիոնը», որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում, մնաց հետհեղափոխական խորհրդավոր գաղտնիքներից մեկը։

Արդյոք Սերժ Սարգսյանի եղբայրն «արդար քրտինքո՞վ» է աշխատել այդ գումարը։ Եթե դա այդպես է՝ ինչպես պնդում է Սարգսյանի եղբորորդին, ապա ինչո՞ւ այդ գումարները «նվիրաբերվեցին» պետությանը՝ մանավանդ, երբ տեղի չի ունեցել որևէ դատավճիռ։

Եթե Սաշիկ Սարգսյանի հանցագործությունը հիմնավորված է համարվում, ու դրա համար է նա փոխհատուցել պետությանը, ապա ինչո՞վ է հիմնավորվում դատավճռի ուշացումը կամ նման «հումանիստական» վերաբերմունքը Սերժ Սարգսյանի, նրա մերձավորների հանդեպ։ Ինչո՞ւ հեղափոխությունն անվերապահորեն պատժում է, ասենք, Ռոբերտ Քոչարյանին, սակայն «ժպտում» է Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին։

Նոր Հայաստանում ո՞վ կամ ովքե՞ր են որոշում, թե մարդիկ ինչքան պետք է «մուծվեն»՝ ազատության մեջ մնալու ու հոխորտալու համար։

Եվ վերջապես՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի եղբայրն «արդարության էտալոն» է, ու իշխանություն դարձած երեկվա ընդդիմությունը բլեֆ էր անում, թե Սաշիկ Սարգսյանը «փայ» է մտնում բիզնեսների մեջ, ու առհասարակ՝ գուցե սո՞ւտ են խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանի եղբայրները թալանել են մարդկանց՝ «քցելով» տասնյակ օտարերկրյա ներդրողների, այդ թվում՝ սփյուռքահայերի։

Եթե հավատանք Հայկ Սարգսյանին՝ այդպես է, կամ էլ մեր իրավապահներն են ոչ պրոֆեսիոնալ, իսկ գուցե հեղափոխությունն է «փայ մտել» Սաշիկի բիզնեսի մեջ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Առաջին լրատվական»

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք