Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին. անդրադարձ է եղել մի շարք հարցերի

16:51 | 25.06.2019

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ–ում Հնդկաստանի դեսպանին. անդրադարձ է եղել մի շարք հարցերի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ  և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման գործում` նշելով, որ փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան ամենատարբեր ոլորտներում: Այդուհանդերձ, ըստ Արարատ Միրզոյանի` երկկողմ հարաբերություններում առկա է դեռ ևս չիրացված մեծ ներուժ, այդ թվում` տնտեսության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: ԱԺ նախագահի համոզմամբ` գործակցության ընդլայնմանը էապես կնպաստի երկու մայրաքաղաքների միջ և ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով միջխորհրդարանական կապերի կարևորությանը, առանձնացրել է ինչպես բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվությունը, բարձր մակարդակով հանդիպումները, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը, տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնեցված գործունեությունը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հնդկաստանի խորհրդարանի ղեկավարին ուղղված` Հայաստան այցելելու հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության  և գնահատանքի խոսքերի համար` Սանգվան Յոգեշվարը կանգ է առել այն համատեղ ծրագրերի վրա, որոնք մինչ այս իրականացվել են: Նա  ևս ընդգծել է, որ համագործակցության զգալի մեծ հեռանկարներ կան, որոնք դեռ սպասում են իրենց կենսագործմանը: Երկկողմ հարաբերությունները որակելով որպես դինամիկ զարգացող` դեսպանը դրանց հետագա զարգացման առումով կարևորել է բարձր մակարդակով շփումները, օրենսդիր մարմինների միջ և փոխգործակցության խորացումը, գործարար շրջանակների կապերի ակտիվացումը:

Հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ` Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սանգվան Յոգեշվարն ամենուր կլինի Հայաստանի բարեկամների թվում: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք