Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում. Շուշան Դոյդոյան

19:00 | 15.06.2019

Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսուքյան իր էջում գրել է, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում: ՀԿ նախագահի կարծիքով` իրավիճակն անհանգստացնող է:

«Անհանգստացնող վիճակագրություն. ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,- գրել է Դոյդոյանը։

Մեկնաբանություններում Դոյդոյանն անհանգստացնող հանգամանք է համարել նաև այն, որ յուրաքանչյուր հայցադիմումի հիմքում նաև ֆինանսական փոխհատուցման պահանջ է ներկայացվել` մինչև 2 մլն դրամ յուրաքանչյուր դեպքում։

«Որպես մամուլի վիճակով անհանգստացած մարդ, գիտեմ՝ սա ինչ կարող է նշանակել որոշ ԶԼՄ-ների համար։ Իհարկե վատ է։ Սա նշանակում է, որ և՛ կոնտենտն է դարձել խիստ վիճելի, և հայցադիմումներով բարձր ֆինանսական փոխհատուցման պահանջները սպառնալու են շատ ԶԼՄ-ների, և՛ խոսում է էթիկական լրագրության պակասի, և որոշ պաշտոնյաների՝ իրենց հասցեին հնչած քննադատության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի ու շատ այլ բացասական զարգացումների մասին»,- հավելել է նա։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք