Այս պահին սահմանին համեմատաբար կայուն վիճակ է. Դավիթ Տոնոյան

11:48 | 13.06.2019

Այս պահին սահմանին համեմատաբար կայուն վիճակ է. Դավիթ Տոնոյան

Եթե հանրային պահանջ կա, կարծում եմ՝ կա նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքներում, բոլոր այն հարցերը, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք հակառակորդի տեղեկատվության գործողություների արդյունքում են առաջացել մեր հասարակության մեջ, դրանք կփարատվեն»,-ասաց նա:

Հարցին, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունների մասին, արդյոք դրանք արժանահավա՞տ են, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին:

Հարցին՝ եթե դրանք արժանահավատ են, ապա լրացուցիչ ուսումնասիրությունների ի՞նչ կարիք կա, նախարարը նշեց, որ դա մասնագիատական վերլուծություն էր, որը հանրության համար բաց չէր: «Այդ վերլուծությունը կտրվի հանձնաժողովին»,-ասաց նա:

Իսկ թե ՊՆ-ն հանձնաժողովի հետ համագործակցելո՞ւ է, նախարարը ասաց՝ սիրով կհամագործակցեն: «Հանձնաժողովի անդամները պետք է ունենան համապատասխան թույլտվություն և ՊՆ հանձնաժողովի անդամները, կարծում եմ, ունեն այդ թույլտվությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ղեկավարի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը խոսեց նաև սահմանային իրավիճակին, նշեց, որ երեկվա և այսօրվա զեկույցներով սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Արցախի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին, Դավիթ Տոնոյանն ասաց. «Մեր ԱԹՍ-ներն էլ են թռչում ամբողջ երկայնքով»։

Պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է շփման գծում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Այս պահին, այսօրվա և երեկվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։

Տեսանյութը՝ tert.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք