ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը. Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

10:55 | 13.06.2019

ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը. Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը, ինչպես նաև բնագրի պատճենը:

«Հարգելի պարոն վարչապետ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը և բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ և վճռականորեն իրականացված համապարփակ և հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում և մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների և մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը և միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր, 

Թորբյորն Յագլանդ»: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք