Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացատրեց Վերաքննիչ դատարանի դատավորին բացարկ հայտնելու միջնորդության պատճառները

17:18 | 12.06.2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացատրեց Վերաքննիչ դատարանի դատավորին բացարկ հայտնելու միջնորդության պատճառները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը բացատեց դատավոր Արմեն Դանիելյանին բացարկ հայտնելու պատճառները:

Դատական նիստից հետո փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միանգամից 2 պատճառ կա: Փաստաբանն առաջին հերթին նշեց, որ բողոքարկվում են առաջին ատյանի դատարանի 2 տարբեր որոշումներ, եւ հայտնի չէ, թե ինչպես են 2 բողոքներն էլ հայտնվել նույն դատավորի մոտ: Իրավաչափ հարց է առաջանում՝ էլեկտրոնային արդարադատության եւ դատավորի ավտոմատ ընտրության առկայությամբ ինչպե՞ս կարող էին երկու որոշումների դեմ բողոքները միեւնույն դատավորի մոտ հայտնվել: Փաստաբանների խնդրանքը՝ տրամադրել դատավորի ընտրության գործընթացի մասին տվյալները գործընթացին հնարավոր միջամտությունը բացառելու համար, չի բավարարվել: Բացարկի երկրորդ պատճառը. ըստ վիճակագրության՝ այս դատավորը դատախազության օգտին ամենաշատ որոշումներ կայացրած դատավորն է:

Ընդ որում՝ փաստաբանը մի քանի անգամ շեշտեց, որ դատավորի անձի դեմ պահանջ չկա, հարցը հիմնված է բացառապես իրավական կողմի վրա. «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ գործընթացի խախտում է եղել: Հատուկ կամ պատահաբար՝ որեւէ բան չի հաստատի»:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ գործի հատորներին եւ նոր հինգի հայտնվելուն: Ինչպես պարզվեց, ոչ թե 83, այլ 88: Հետագա քայլերը կբխեն այդ թվում այս հատորներից: Ինչ վերաբերում է այս գործով տուժողներին, ապա այս հարցը եւս պարզաբանման կարիք ունի: Ընդհանուր թվով 100-ից ավելի տուժող է, նրանցից ով ունի տուժողի կարգավիճակ, փաստաբանները դեռ պետք է պարզեն:

Ի պատասխան գործի քննությունը մեկ ամսով երկարացնելու Սահմանադրական դատարանի որոշման մասին հարցին՝ փաստաբանը հավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը աննշան ցանկություն իսկ չունի դատավարությունն արհեստականորեն երկարացնելու, իսկ ՍԴ որոշման պատճառներն իրեն հայտնի չեն:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքը, իր ոչ հստակ լինելը նկատի ունենալով, տարբեր մեկնաբանություններ է առաջացնում: «Ռոբերտ Քոչարյանի կոնկրետ գործողությունների կամ անգհործության նկարագրություն չկա: Կա միայն հղում անհայտ հրամանին եւ փետրվարի 23-ի խորհրդակցությանը: Ընդ որում՝ մասնակիցներից ոչ մեկը չի խոսում բանակի մասնակցության քննարկման մասին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բանակի մասնակցություն ինքնին չի ապացուցում մեղքը (օրենքով հենց բանակին է վերապահված պետական օբյեկտների պահպանության գործառույթը – խմբ.), իսկ մեղքի ապացույց կլիներ հակաօրինական գործողությունների հրամանը:

Փաստաբանը շեշտեց, որ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքները պետք է մերժվեն: Ընդ որում՝ Արամ Օրբելյանը շարունակեց, որ սկզբունքորեն կարող է բողոքարկվել միայն առաջին ատյանի դատարանի որոշումը քննության դադարեցման մասին, իսկ ՍԴ դիմելը դատարանի սուվերեն իրավունքն է: «Առաջին անգամ չէ գործը ՍԴ գնում, եւ որքան ինձ հայտնի է, բողոքներ չեն ներկայացվել»,- նշեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քննում է գլխավոր դատախազության  եւ տուժողների ներկայացուցիչների բողոքները տարբեր օրերի առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումների դեմ. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ դատախազությունը բողոքարկել էր այս որոշումները Վերաքննիչ դատարան։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք