Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. նիստը հետաձգվեց

15:35 | 12.06.2019

Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել. նիստը հետաձգվեց

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ կայացավ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Ըստ պաշտպանական խմբի՝ գործը դատավոր Դանիելյանին է հանձնվել կասկածելի հանգամանքներում, և պաշտպանների գնահատմամբ` դա տեղի է ունեցել պայմանավորված դատավորի անձի առանձնահատկություններով: «Հավանաբար նկատի են ունեցել, որ Դուք այն դատավորն եք, ով հազվադեպ է կայացնում այնպիսի դատական ակտ, որը հակասի Դատախազության դիրքորոշմանը»,֊ ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանի խոսքով` երբևիցե չի պատահել, որ Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմից բերված վերաքննիչ բողոքները մակագրվեն միևնույն դատավորին:

«Ինչքան վերաքննիչ բողոք եղել է այս գործով, բոլորը մակագրված են եղել տարբեր դատավորներին: Ձեզ այս գործը մակագրելը և հանձնարարելը մեզ համար դեռևս կասկածելի է: Մեր դիտարկմամբ` դա տեղի ունեցել ձեր անձի առանձնահատկություններից: Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանի երկու տարբեր որոշումների դեմ բերված բողոքները հանձնվել են հատկապես ձեզ և հայտնվել են ձեր վարույթում»,- ասաց Ալումյանը:

Պաշտպան Ալումյանի միջնորդությանը միացան պաշտպանական խմբի մյուս անդամները՝ Արամ Օրբելյանը, Ռուբեն Սահակյանը և ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես միացավ միջնորդությանը. « Ես հորդորում եմ ձեզ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատելը, իսկ դրանք փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի»:

Մեղադրող կողմը առարկեց միջնորդությանը և նշեց, որ այն պատճառաբանությունը, որը դրվել է ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ կերպ չի կապվում դատավորի ինքնաբացարկի դատական օրենսգրքի 71-րդ հոդվածում նախատեսված որևէ հիմքին:

«Ուզում եմ հիշեցնել, որ դատավորների բաշխման գործընթացին միջամտելը` հանցագործություն է նախատեսված քրեական օրենսգրքով: Կարծում եմ, որ մեր գործընկերները դրա վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անպայման պետք է հայտնեն»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ քրեական գործի հատորների քանակն ավելացել է և որ այդ մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից՝ 83 հատոր դատական գործը դարձել է 88 հատոր:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 14-ին՝ ժամը 10:30-ին:

Դատական նիստին մասնակցում էին նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Դատարանի դահլիճում ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք