Կասկածներ կան, փարատեք դրանք. Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտնել

13:41 | 12.06.2019

Կասկածներ կան, փարատեք դրանք. Ռոբերտ Քոչարյանը հորդորեց դատավորին ինքնաբացարկ հայտնել

Այս գործով կան կասկածներ և չափազանց կարևոր է, որ դուք փարատեք դրանք՝ ինքնաբացարկ հայտնելով։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Նշենք, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝  դատարանի աշխատակազմը չի մեկնաբանել, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։ Քոչարյանի պաշտպանները կասկածներ ունեն, որ համակարգչային մակագրման ընթացքում միջամտություն է տեղի ունեցել։

Ռոբերտ Քոչարյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունու կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը, հորդորեց դատավոր Արմեն Դանեիլյանին նույնպես ինքնաբացարկ հայտնել։

«Ներկայացված բողոքը ցույց է տալիս, որ կան կասկածներ։ Մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում ձեր դատարանի նախագահը ինքնաբացարկ հայտնեց՝ հաշվի առնելով այն, որ կողմը լուրջ կասկածներ ուներ, հատկապես երբ գործը հանրային հնչեղություն ունի։

Ուղղակի հորդորում եմ ձեզ՝ հասկանալ, որ այս գործով կան կասկածներ, դրանք  չափազանց կարևոր է փարատելը, դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի։ Ես ծանոթ եմ կրիչի նյութերին, դա ուղղակի նկարված բան է, մեկը նստել՝  հավաքել ու ներկայացրել է։ Նույիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու է այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվել»,–հայտարարեց նա՝  հորդորելով  դատավորին ինքնաբացարկ հայտնել։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, և այդ հանգամանքը պետք է տուժող կողմի համար մտահոգություն առաջացնի։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք