Երևանում կանցկացվի միջազգային կոնֆերանս՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին

10:42 | 11.07.2015

Երևանում կանցկացվի միջազգային կոնֆերանս՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին

Հուլիսի 11-13-ը Երևանում կանցկացվի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին կմասնակցեն պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի մամուլի ծառայությունից, կոնֆերանսի շրջա­նակ­ում կկայա­նան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրա­կարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշա­կույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշա­կութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբ­ման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշա­կու­թա­յին ժա­ռանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Կոնֆերանսին արտերկրից կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախա­րար­ներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատար­մա­գր­ված դիվանագիտական առաքե­լությունների և միջազգային կազմակերպությունների ղեկա­վարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչ­ներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Կոնֆերանսը կբացի ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ելույթով հանդես կգա Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձ­նաժողովի նախագահ, ՀՀ ար­տաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բո­կովայի ուղերձը կընթերցի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ' Արմինիանը:

Կոնֆերանսն իր աշխատանքները կավարտի հռչակագրի ընդունումով, որը համա­հունչ կլինի կոնֆերանսի հայեցակարգին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դավանած սկզբունքներին:

Կոնֆերանսի կազմակերպման առիթով պատրաստվել է «Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ. մշակույթ» խորագրով գիրքը, որի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ և ներբեռնել ՀՀ մշակույթի նախարարության կայքէջից:

Կոնֆերանսի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշա­համալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և կհանդիպեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Մասնակիցները կայցելեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում ընդգրկված Հայաս­տանի պատմամշակութային կոթողներ: 

Աշխատանքային ծրագրից զատ, կոնֆերանսի մասնակիցները կմասնակցեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակը նշել է երաժշտական միամսյակով՝ Ֆրան­սիայում, որի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվել է երկու համեր­գային ծրագիր: Համերգներն անցկացվել են «Երիտասարդությունն հանուն խաղա­ղության» խորագրի ներքո: Հունիսի 1-ին Երևանում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանին նվիրված Տիկնիկներ հանուն խաղաղության» երթ-փառատոնը: Փառատոնի փակումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Միջոցառումների շարքը ամբող­ջացնում է «Մշա­կութային քաղաքականություն, քաղաքա­կանություն մշակույթի հա­մար. մշա­կույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորա­գրով կոնֆերանսը:    

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք