«Եվրատեսիլ 2019». Հայաստանը դուրս մնաց եզրափակիչից

11:20 | 17.05.2019

«Եվրատեսիլ 2019». Հայաստանը դուրս մնաց եզրափակիչից

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:

Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով  հրաշալի ելույթ ունեցավ առաջին համարի ներքո, բայց չանցավ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն անցկացվեց մայիսի 16-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցեց 18 երկիր՝ Հայաստանը, Իռլանդիան, Մոլդովան, Շվեյցարիան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Խորվաթիան, Մալթան, Լիտվան, Ռուսաստանը, Ալբանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան և Ադրբեջանը:

Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ կունենա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կկատարի «Future» (Ապագա) երգը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք