Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ

21:23 | 10.07.2015

Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի իր գործընկերոջ հետ

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ:

«Մենք ուրախ կլինեինք, եթե այլ երկրներում գտնվող հայկական մշակութային կոթողներն այնքան սրտացավ վերաբերմունքի արժանանային, որքան Իրանում։ Սա պետական մոտեցման արդյունք է։ Անցյալ տարի Ձեր երկիր այցելեցինք ու սեփական աչքերով տեսանք, թե ինչպիսի հոգատարությամբ եք պահպանում հայկական հուշարձանները։ Հանդիպեցինք Սպահանի հայկական համայնքի հետ, որը շնչում և ապրում է ազգային մշակույթով։ Նշանակում է՝ հայերն Իրանում բավականին լավ են զգում և ինքնադրսևորման, հայկական մշակույթը զարգացնելու հնարավորություն ունեն»,- նշել է Հասմիկ Պողոսյանը։

2014 թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ մշակույթի նախարարի խոսքով,  կյանքի են կոչվում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Ջանաթիին տասը անուն գրքի հրատարակմանն աջակցելու և 2015 թ. մայիսի 6-16-ը Թեհրանի գրքի միջազգային 28-րդ ցուցահանդեսին հայկական կողմին աջակցություն ցուցաբերելու համար:

«Սեպտեմբերին Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կվերաբացվի մեր ժամանակների լավագույն արվեստագետներից մեկի՝ ծագումով կարսեցի, բնակության վայրով՝ իրանցի, Հռոմի բարձր արվեստների դպրոցի հետևորդ Մարկոս Գրիգորյանի ցուցահանդեսը։ Մշակութային այդ նախաձեռնությանը ներկա կլինեն նաև իրանցի հյուրեր»,- տեղեկացրել է Հասմիկ Պողոսյանը։

ՀՀ մշակույթի նախարարն ընդգծել է Հայաստանի և Իրանի համագործակցության կարևորությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում և  հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն իրենց կառուցողական համագործակցությունը:

 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք