Կառավարության օպտիմալացման ու կրճատումների մասին նախագիծը վերջապես հասավ խորհրդարան

14:58 | 15.04.2019

Կառավարության օպտիմալացման ու կրճատումների մասին նախագիծը վերջապես հասավ խորհրդարան

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ մի քանի ամիս շարունակ կառավարությունում քննարկումներ էին, վերջապես խորհրդարանում է։ Հիշեցնենք, սա այն նախագիծն է, որով կառավարության կազմում կատարվելու էին օպտիմալացումներ, կրճատվելու էին նախարարությունների թիվը, ինչպես նաև աշխատակիցները։

Այսպես, նախագիծը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ դրանով կրճատվելու է փոխվարչապետերի թիվը՝ 3-ի փոխարեն լինելու է երկուսը։
Նկատենք, որ այժմ արդեն երկուսն են փոխվարչապետերը, թեպետ օրենքում փոփոխությունը պաշտոնապես չի ընդունվել։

Նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր),
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակաատրի ինստիտուտ։ Սփյուռքի նախարարության աշխատակիցները կտեղափոխվեն վարչապետի աշխատակազմ, բայց, նախարարի խոսքով, մի քանի ամիս անց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտում կրճատվելու արդյունքում մնալու է 20-25 աշխատակից։

«Նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատաեղերը հիմնականում վերաբերվելու են քաղաքական ու հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին ու նրանց տեղակալներին։ Նշված հաստիքների թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ», - ասաց Արտակ Զեյնալյանը։

Նախարարութնունների միաձուլումից հետո, մի քանի ամիսների ընթացքում, նախարարի խոսքով, նախատեսվում է կրճատել կրկնվող, աջակցող ստորաբաժանումների գործառույթները։ Զեյնալյանը նկատեց, որ մրցակցային պայմաններ են ապահովվելու և արդյունքում աշխատանքի կմնան այն մասնագետները, ովքեր կցուցաբերեն բարձր որակավորում։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք