«Ժողովուրդ». Շատ թափանցիկ ակնարկ. Փաշինյանն ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ ուղղեց նաև եվրոպացիներին

10:50 | 12.04.2019

«Ժողովուրդ». Շատ թափանցիկ ակնարկ. Փաշինյանն ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ ուղղեց նաև եվրոպացիներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաեւ ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»: Հերթական դրսեւորումը ԵԽԽՎ-ում էր: Մի կողմից` նա խոսել է ՀՀ-ում ԵԽԽՎ-ի դրական դերակատարության մասին, մյուս կողմից` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս 2016թ. Ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ է ուղղել նաեւ եվրոպացիներին:

«Չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան»,-ասել է նա:

Շատերը կհիշեն ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի մասին «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» սկանդալային բանաձեւը, որ ընդունվեց 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այն հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում, մասնավորապես` «ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ում քննարկվեց, բայց եւ մերժվեց Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» նախագիծը։ Ու, փաստորեն, Փաշինյանը հենց դրանք է մատնանշում` ընդգծելով, որ եվրոպացիներն այդ քննարկումներով, ըստ էության, թույլ տվեցին պատերազմի վերսկսումը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ Պարզվում է, սակայն, նաեւ դա է իր ազդեցությունն ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք