Ինչու է թանկացել հավի միսը և ինչպիսին կլինի գինն այս տարվա ընթացքում. վերլուծություն

11:20 | 26.03.2019

Ինչու է թանկացել հավի միսը և ինչպիսին կլինի գինն այս տարվա ընթացքում. վերլուծություն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, անդրադարձել է հավի մսի սպառման, ներկրման, արտադրման ծավալներին ու գնին:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր վերլուծության մեջ, մասնավորապես, նշում է.

«ՀՀ-ում արտադրված հավի մսի ծավալները 2018թ.-ին աճել են 36.32%-ով՝ կազմելով 13,835.2 տոննա, իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 6.69%-ով՝ կազմելով 32,875.8 տոննա՝ նախորդ տավա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Չնայած ներկրման ծավալների կրճատմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը՝ ներկրվող հավի մսի խմբաքանակը շարունակում է շեշտակի գերազանցել տեղական հավի մսի ծավալներին:

2018թ.-ին 2017թ.-ի համեմատ հավի մսի մանրածախ միջին գինը 3.07%-ով իջել է՝ կազմելով 1,453.7 ՀՀ դրամ: Իսկ հավի մսի ենթամթերքի՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած (հավի թեւիկ, ոտիկ, կրծքամիս) գինը 2018թ.-ի բոլոր ամիսներին նախորդ տարվա համեմատ գները աճել են: 2019թ.-ի հունվար ամսին բնեղեն արտահայտությամբ, այսինքն տոննայով թռչնամսի գինը 2018թ.-ի հունվարի համեմատ 13.4% աճ է գրանցել:

2019թ.-ի հավի մսի շուկայում գնաճ է գրանցվել:  2019թ. հունվար-փետրվարին գները ի տարբերություն 2018թ.-ի նույն ժամանակահատվածի աճել են համապատասխանբար  4.1 եւ 8.5%-ով (իսկ թարմ, պաղեցրած կամ սառեցրած հավի մսի ենթամթերքի պարագայում`7.7 եւ 6.4%):

Հավի մսի գների տատանումները եւ տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը հնարավոր է բացատրել մի քանի հանգամանքով.

2017թ.-ին ՀՀ սպառողները հիմնականում  նախընտրություն են տվել տեղական արտադրության հավի մսին, 2018թ.-ին եւս նախընտրել են եւ անգամ նախորդ տարվա համեմատ ավելացրել են սպառման մակարդակը, ինչը կարող է պայմանավորված լինել նաեւ տավարի միսը հավի մսով փոխարինելու հանգամանքով, քանի որ տեղական արտադրության տավարի մսի մանրածախ միջին գինը 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ բարձրացել էր 20.94%-ով: 

2018թ.-ի գների անկման վրա հիմնականում ազդել է  ամբողջական վերցված հավի գների անկումը, մինչդեռ հավի մսի ենթամթերքի գները բարձրացել են: Իսկ արդեն 2019թ.-ի հունվար-փետրվարին երկուսն էլ աճ են արձանագրել:

Եթե տեղական արտադրության հավի մսի ծավալների աճը պայմանավորված է եղել աճող պահանջարկով՝ որպես տավարի մսին փոխարինող մսամթերք, ապա դա կարող էր որոշակիորեն նպաստել  տեղական արտադրության հավի մսի գների աճին (հատկապես ենթամթերքի), սակայն  այդ գնաճը զսպվել է ներմուծվող ու մրցակցային գին ունեցող հավի մսի շնորհիվ:

Ըստ ՄԱԿ-ի «UN Comtrade Database» առցանց բազայի տվյալների 2018թ.-ի առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Ընտանի հավերի, մսեղիքի մասեր եւ ենթամթերք` սառեցրած» խմբի մեկ միավորի հաշվով ներմուծվող ծավալների արժեքը շուրջ 14% անկում էր արձանագրել: Այս խմբի ներմուծվող հավի մսի ծավալների ամենամեծ անկումը գրանցվել է ուկրաինական ծագման հավի մսի դեպքում՝ շուրջ 37%, այն պարագայում, երբ զուտ քաշի շուրջ 49% ավելացում է գրանցվել:

ԵՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրներից, օրինակ Բրազիլիայից ներմուծվող ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաեւ անցումային շրջանում գործող ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառմամբ (բացի ուկրաինականից):

Նշենք, որ ԵՏՄ մաքսային դրույքաչափերը 2017թ-ից սկսել են բարձրանալ եւ շարունակվելու են բարձրանալ մինչեւ 2021թ.-ը (2017թ.–ին՝ 14%, 2018թ.-ին՝ 18%,  2019թ.-ին՝ 22%, 2020թ.-ին՝ 25%, 2021թ.-ին՝ 50%):

Ամփոփելով նշենք, որ եթե դիտարկված միտումները շարունակվեն, ապա կարճաժամկետ-միջնաժամկետ հատվածում տեղական արտադրության հավի մսի ծավալներն աճելու են՝ ՀՀ սպառողների աճող պահանջարկը բավարարելու համար: Ներմուծվող ծավալների որոշակի կրճատում կարող է արձանագրվել՝ հատկապես երրորդ երկրներից: Ներմուծման ծավալների հիմնական աճը բաժին է ընկնելու ուկրաինական եւ ՌԴ ծագում ունեցող հավի մսին, որի շնորհիվ ներմուծվող հավերի գների էական թանկացում չի արձանագրվի՝ հատկապես հավի մսի ենթամթերքի պարագայում: Իսկ տեղական հավի մսի գների բարձրացման դեպքում սպառողները, որպես այլընտանք, այն կփոխարինեն ներմուծված հավի մսով:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք