«Սա պետք է դաս լինի բոլորին». Չավուշօղլուն Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած հարձակման համար մեղադրել է քաղաքական գործիչներին ու մամուլին

17:50 | 15.03.2019

«Սա պետք է դաս լինի բոլորին». Չավուշօղլուն Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած հարձակման համար մեղադրել է քաղաքական գործիչներին ու մամուլին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում իրականացված հարձակումները՝ հայտարարելով, որ տեղի ունեցածի համար մեղավոր են նաև աշխարհում մուսուլմանների հանդեպ անպատասխանատու քաղաքականություն վարողներն ու իսլամաֆոբիա հրահրող մամուլը:

«Մենք պահանջում ենք, որ մեր կրոնի ու հավատակիցների հանդեպ հարձակումներն ու ատելության խոսքը չդիտարկվի որպես խոսքի ազատություն, դրա դեմ պետք է քայլեր ձեռնարկվեն: Սա պետք է դաս լինի բոլորին», - ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ-ից նաև տեղեկացրել են, որ Նոր Զելանդիայում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թվում երկու թուրք կա, նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսլամականության բացահայտ դրսևորում է անվանել այսօր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումը:

«Իմ և երկրիս անունից ցավակցություններ եմ հայտնում Նոր Զելանդիայի ժողովրդին ու մուսուլման աշխարհին այս ցավալի միջադեպի կապակցությամբ, որն օրինակ է այսօր աշխարհում օր օրի աճող ռասիստականության ու հակաիսլամականության», - ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած տղամարդը հարձակումից առաջ հրապարակած մի քանի էջանոց «մանիֆեստ»-ում իր «թիրախների» թվում նշել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետ Սադիկ Խանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունները:

Նա նաև «Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:

«Դուք կարող եք խաղաղ ապրել ձեր հողերում՝ Բոսֆորի արևելյան ափին: Սակայն եթե փորձեք բնակություն հաստատել Բոսֆորի արևմուտքում, եթե գաք Եվրոպա՝ կսպանենք ձեզ: Մենք կգանք Կ. Պոլիս ու կավերենք բոլոր մզկիթները: Այա Սոֆիան կազատագրվի մինարեթներից, և Կ. Պոլիսը կրկին կդառնա քրիստոնեական քաղաք, ինչին արժանի է», - գրել էր հրաձիգը:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք