«Կարմիր գծերի վճարը հակասահմանադրական է, կոչ ենք անում չվճարել». հանրային քննարկում

16:21 | 15.03.2019

«Կարմիր գծերի վճարը հակասահմանադրական է, կոչ ենք անում չվճարել». հանրային քննարկում

Այսօր տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն», «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա», «Կարմիր գծերը վճարովի կայանատեղեր են, թե…» թեմաներով: Ելույթներով հանդես եկան Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյան, «Քաղաքացի, հարկատու-բիզնես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը:

Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ քննարկմանը հրավիրվել է պաշտոնական տարբեր կառույցներից, թեև մասնակիցների թիվը քիչ է: Նա անդրադարձավ կարմիր գծերի թեմային և նկատեց, նախորդ իշխանությունների ժամանակից դեռ բարձրացնում էին այդ խնդիրը:

«Անհասկանալի է, որ այս միջոցառմանը բացակա է քաղաքապետարանը, որը տիրապետում է այդ խնդիրներին, հարց է, թե ինչու են խուսափել մասնակցությունից»,- ասաց նա և նշեց, որ գուցե հիմա առաջին պլանում չէ կարմիր գծերի թեման, և այլ հարցեր կան:

Մովսես Արիստակեսյանը հարցը հրատապ համարեց: «Սա բնորոշում է, թե իշխանության տարբեր թևեր ինչպես են վերաբերվում կառուցողական երկխոսության հանձնառությանը: Արդեն երկրորդ միջոցառումն է, որ չեն բարեհաճում գալ, ի՞նչ երկխոսության մասին է, չենք հասկանում»,- ասաց նա և ներկայացրեց քաղաքապետարանի ավելի վաղ ներկայացրած հարցման պատասխանը, ըստ որի՝ Երևանում կա վեց հազար վեց հարյուր կայանատեղի:

«Կարմիր գծերի վճարը հակասահմանադրական է, կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել»,- ասաց նա և նշեց, որ Կարմիր գծերը հակասում են ավագանու որոշմանը, կառավարության որոշմանը:

Նա նշեց, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիները, 2013 թվականից հանցավոր համաձայնության գալով և անձնական բիզնես կազմակերպելու նպատակով, լծվել են քաղաքացիներին թալանելու և սեփական գրպանները լցնելու գործընթացին: Նա օրինակ բերեց, որ ինքը չի վճարում, և կոչ արեց ոչ մեկին ապօրինի չվճարել:

Էդուարդ Բադալյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ խնդիրն այն է, որ կարմիր գծերը պետք է վերացվեն՝ անկախ նրանից, թե կկիրառվի օրինական, թե ոչ օրինական վարչարարություն: «Բոլորս հիշում ենք, թե որն է եղել հայտարարված նպատակը. դա եղել է Կենտրոնի բեռնաթափումը, սակայն վճարովի կայանատեղերն այդ խնդիրը չեն լուծել»,- ասաց նա և ակնհայտ համարեց, որ իրականում այս գործընթացով հետապնդվել է գայթակղիչ բիզնես նպատակ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք