Դա գործելաոճ է, որը միայն մեր թշնամիները կարող են անել. ԱՀ ԱԺ փոխնախագահ

18:25 | 04.03.2019

Դա գործելաոճ է, որը միայն մեր թշնամիները կարող են անել. ԱՀ ԱԺ փոխնախագահ

Xnews.am կայքը գրում է.

Նախօրեին «Բաց օրը» հաղորդման եթերում, երգահան Ռուբեն Հախվերդյանը, խոսելով արցախցիների մասին, ասել է, որ «քծնանքի քաղաքականությունը դեռ շարունակվում է, ինչը ադրբեջանական հատկություն է: Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»: Համլետ Ղուշչյանն էլ «հաստատել է՝ «հա» ասելով։

Այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել ինչպես ՀՀ իշխանությունների , այնպես էլ արցախահայության շրջանում, և արժանացել բացասական գնահատականի: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեսբուքյանէջում գրել է. «Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»:

Իսկ ահա Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հետևյալ կերպ է արտահայտել իր վրդովմունքը.  «Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշչյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար: Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:  Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը»:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն էլ Xnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոհիշյալին նախ նկատեց.

-Հիվանդ ուղեղ ունեցող մարդու կարծիքն ի՞նչ վերլուծես: Մարդ, որը միշտ խմիչքների ազդեցության տակ է լինում, բնականաբար, չի կարող որևէ բանի մասին հստակ կարծիք արտահայտել: Ըստ էության, սա մեր ժողովրդի ու մեր պետականության դեմ դիվերսիա է, որովհետև դարերի ընթացքում մենք մշտապես կորցրել ենք տարածքներ ահա նման մարդկանց վարքագծի և գործելաոճի պատճառով, և կարծում եմ, որ հայ հասարակությունը, լինի դա ՀՀ-ում, ԱՀ-ում, թե Սփյուռքում, պետք է, ընդհանրապես, դուրս շպրտեն իրենց միջից նման մտածելակերպ ունեցող մարդկանց, որովհետև դա հիվանդություն է, որն իր մեջ տարածվելու վտանգ է սպառնում:

ԱՀ ԱԺ փոխնախագահի դիտարկամբ՝ դա գործելաոճ է, որը միայն ու  միայն մեր թշնամիները կարող են անել: Դարերի ընթցքում դա եղել է, կա ու այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես են մեր հակառակորդները փորձում մեր միասնականոթունը խաթարել և այսօր փորձել սեպ խրել երկու հայոց պետականության ժողովուրդների միջև, սխալ է:

«Կարծում եմ, որ մենք պետք է հենվենք այն առողջ մտքի վրա, որը վերջերս Արցախ կատարած այցի ժամանակ արտահայտեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Ոչ մի թիզ հող տալու նպատակ մենք չունենք»,-ասաց Վահրամ Բալայանը:

Ավելի ուշ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը տեսաուղերձով մեկնաբանել է իր տված հարցազրույցում աղմուկ հանած արտահայտությունները, որոնք վերաբերում էին արցախահայությանը:

«Եթե հարցը վերաբերում է Արցախում ապրող հայերին, ես նրանց դեմ ոչ մի բան չունեմ: Իմ խոսքն ուղղել եմ նրանց քաղաքական էլիտային»,- պարզաբանել է Հախվերդյանը:

Նա հավելել է, որ եթե որևէ մեկն իր խոսքերն այլ ձևով է մեկնաբանել, դա նրա պրոբլեմն է:

Հարցազրույցը՝ Լուսինե Փիլոյանի

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք