Չփաստարկված, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս. Լիլիթ Գալստյանը՝ Համազգային թատրոնի փակման մասին

18:53 | 26.02.2019

Չփաստարկված, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս. Լիլիթ Գալստյանը՝ Համազգային թատրոնի փակման մասին

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Համազգային թատրոնի փակմանն ու այդ առնչվությամբ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարզաբանմանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հերոստրատի արշավանքն ազգային մշակույթի դաշտում

Մշակույթի նախարարությունից նորություններն արդեն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտությամբ այլեւս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի հանկարծահաս բացահայտումից պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում է հայտնվել նաեւ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։

Նախարարի պաշտոնակատար Նազենի Դարբինյանը՝ «Առավոտին» տված հարցազրույցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլեւ իր մեկնաբանություններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը հայտնվել է մշակույթից ու նրա կառավարման ունակություններից հազարավոր մղոններով հեռու, ոլորտը փորձությունների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրույթում։

Փորձելով հիմնավորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտոնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնավորում է ներկայացնում՝ «թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»։ ժանրային առանձնահատկությունը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ավելի է խճճվում, համոզված հայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է եւ « հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա»։

Այ, այսպես՝ անտեղյակ, չփաստարկված, բայց կարեւորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտավորներ Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Հրաչիկ Գասպարյանը,Դավիթ Հակոբյանը․․․

Չիմանալն ինքնին ամոթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթե տիկին Նազենին մի քիչ լուրջ վերաբերվեր իր պաշտոնին, ավելի ճիշտ մշակույթին՝ Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կպահանջեր իր աշխատակազմից ու կիմանար այս, նաեւ այն մասին, որ թատրոնը միջազգային փառատոներից բազմաթիվ Գրան պրիներ է բերել Հայաստան, կիմանար, որ «Արտավազդի» ոչ մի մրցանակաբաշխությունից Համազգայինն անմասն չի մնացել, կիմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապես Արցախի ու հայ զինվորի կողքին է եղել, կիմանար, թե այն որքան փնտրված է Սփյուռքում։

Եթե տիկին Նազենին անկեղծ ցանկություն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կգտներ ներկա լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնե մեկին։

Ի վերջո, եթե անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որեւէ թատրոնի գոյության իրավունքը պայմանավորված է սոսկ ժանրային առանձնահատկությամբ, այն էլ՝ մեկը լինելու սահմանափակությամբ, եւ երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղություն է՞։ Ինչո՞ւ եք ձեզ բարոյական իրավունք վերապահել, որոշել ինքնիրավչությամբ քանդել մեր հանրապետությունում կայացած, վաստակ ու ավանդույթ ունեցող մշակութային օջախ, այո, մի օջախ, որի հիմնադիրը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ազգային երեւույթն է։

Ի դեպ, հեռավոր 1991-ին, երբ Սոսն ու Համազգային մշակութային միությունը հիմնադրում էին թատրոնը՝ համոզումը մեկն էր․ պատերազմի, աղքատության եւ խավարի մեջ ապրող հայ մարդուն հոգեւոր հենարան էր պետք, պատերազմն հաղթելու ոգի։ Մենք, Սոսը, գաղափարը հաղթեց․ պետությունը գնահատեց արժեքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետության ազնիվ եւ իմաստուն ճանապարհը դեպի մշակույթը, դեպի թատրոնը։

Դադարեցրեք ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում։

Ես ձեզ ՍՈՍԻ խոսքով եմ պատասխանում, եթե թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ կամար՝ Հայաստանի, հայրենիքի հոգեւոր սահման»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք