Ինքնասպանությունը աֆեկտի վիճակում կատարված քայլ է, որը հոգատարության ու հանդուրժողականության պակասի հետևանք է. Հոգեբան

11:03 | 25.02.2019

Ինքնասպանությունը աֆեկտի վիճակում կատարված քայլ է, որը հոգատարության ու հանդուրժողականության պակասի հետևանք է. Հոգեբան

Xnews.am կայքը գրում է.

«Հայաստանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի աճ է նկատվում։ Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով` 2019թ–ի հունվար–փետրվարին ընդհանուր առմամբ արձանագրվել է 100 ինքնասպանության դեպք և ինքնասպանության փորձ` 2018թ–ի նույն ժամանակաշրջանի 88 դեպքի դիմաց։

Ընդհանուր առմամբ 2018թ–ին արձանագրվել է ինքնասպանության 496 փորձ և 108 դեպք, ինչը 20 տոկոսով գերազանցում է 2017թ–ի ցուցանիշը։

Ամենից հաճախ կյանքին վերջ են տալիս Երևանում, ինքնասպանությունների քանակով երկրորդ և երրորդ տեղում են Շիրակի և Լոռու մարզերը։

«Ինքնասպանության դրդող հիմնական պատճառ է նշվում սոցիալ–տնտեսական ծանր վիճակը կամ անձնական հարաբերություններում ունեցած խնդիրները», – նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` ամենից հաճախ ինքնասպանության փորձ են անում 25-40 տարեկան տղամարդիկ և կանայք, իսկ մտադրությունն իրականացնում են 40-60 տարեկանները։ Հոգեբանը դա կապում է տարիքային ճգնաժամի հետ, որը հանգեցնում է կյանքի վերաիմաստավորման։

«Նրանց թվում է, որ իրենք չեն կայացել կամ կարող էին ավելիին հասնել, ոմանք էլ չեն կարողանում ելք գտնել ստեղծված բարդ իրավիճակում», – բացատրեց նա` հավելելով, որ ինքնասպանության ամենատարածված միջոցը կախվելն է։

Xnews.am-ի հարցին՝ ի՞նչն է մարդկանց դրդում նման ծայրահեղ քայլի, արդյո՞ք սոցիալական վատ պայմաններն են ազդում ինքնասպանությունների աճի վրա, հոգեբան Միհրդատ Մադաթյանը նկատեց, որ ինքնասպանությունները կապ չունեն սոցիալ-տնտեսական պատճառների հետ: Ինքնասպանությունների բարձր ցուցանիշ արձանագրվել է Սկանդինավյան երկրներում, որտեղ օրենքի գերակայության պայմաններում կա հոգեբանության բացակայություն: «Այսինքն՝ այստեղ մարդկային շփումը հասցված է մինիմալի և այն ավելի շատ կարգավորվում է ոչ թե բարոյական, այլ իրավական նորմերով»:

Ըստ հոգեբանի՝ երբ մարդը սոցիալապես անապահով վիճակի մեջ է լինում, ձգտում է ավելի շատ հետաքրքրությունների և դեպրեսիայի մեջ ընկնելու հավանականությունն ավելի է քչանում: Իսկ երբ ապահով վիճակում է լինում, կախված նրա արժեհամակարգից, ավելի հեշտ է ընկնում դեպրեսիայի մեջ, որովհետև այլևս ձգտումներ չի ունենում:

Նրա խոսքով՝ ինքնասպանությունը աֆեկտի վիճակում կատարված քայլ է, որը կարող ենք վստահ ասել, որ հասարակության հոգատարության ու հանդուրժողականության պակասի հետևանք է:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ, խոսելով ինքնասպանությունների իրական շարժառիթների մասին, նշեց 3 հիմնական շարժառիթ.

«Առաջինը՝ հոգեկան հիվանդություններն են, երկրորդը՝ անձնական, ֆինանսական, զգացմունքային և այլ շարժառիթներն են, երրորդը՝ կորուստները»,-ասաց նա:

Լուսինե Փիլոյան

Հ

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք