Սուբվենցիոն ծրագրերի շեմն իջեցվել է մինչև 3 մլն. Սուրեն Պապիկյան

16:58 | 11.02.2019

Սուբվենցիոն ծրագրերի շեմն իջեցվել է մինչև 3 մլն. Սուրեն Պապիկյան

Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում խոշոր և խոշորացված համայնքների համար են, որովհետև փոքր համայնքները սովորաբար այդ ֆինանսական միջոցները չեն ունենում, բայց այս տարի շեմն իջեցվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մենք այս տարի փորձել ենք շեմն իջեցնել, դարձնել 3 մլն դրամ՝ համայնքի ֆինանսավորման չափի մասին է խոսքը, որը զգալի հնարավորություն կտա նաև փոքր համայնքներին լուսավորության, ջրամատակարարման և այլ փոքրիկ հացերում իրենց ուժերով և պետության օգնությամբ խնդիրներ լուծել։ Այս անգամ առավելությունը տրվել է Երևանից հեռու գտնվող և բարձր լեռնային գոտում գտնվող համայնքներին»,– ասաց նա։ 

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի սուբվենցիան բաժանվում էր երկու հատվածի՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների, բայց  հաճախ խնդիր էր առաջանում միջգերատեսչական հանձնաժողովում քննարկումների ժամանակ, թե արդյո՞ք տվյալ ծրագիրը, որ ներկայացրել է համայնքը համապատասխանում է պետության առաջադրած ոլորտներին։ «Ես կառավարության նիստի ժամանակ խոսեցի մասնավորապես գերեզմանների պարսպապատման, նաև համայնքային նշանակության այլ խնդիրների մասին, որ համայնքը բարձրացնում էր, փորձում էին լուծել կառավարության աջակցությամբ, կարծում ենք, որ դրանք այն հարցերն են, որ այո, կարևոր են, այո՝ անհրաժեշտ են համայնքին, բայց կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային»,– ասաց Պապիկյանը։

Ըստ նրա՝ սա է եղել պատճառը, որ առանձնացրվել են ֆինանսավորման թիրախներ՝ Ճանապարհաշինությունը, ջրօգտագործումն ու ջրահեռացումը՝ ջրամատակարարման ցանցը, ճանապարհաշինությունը, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը ։ «Սրանք ոլորտներ են, որոնց բարելավման կարիքը բոլորն ունեն, և նախորդ տարվա պիլոտային փորձը ցույց է տալիս, որ կան համայնքներ, որ տարվա ընթացքում կարողանում են գեներացնել համապատասխան միջոցներ, ի վիճակի են իրենց բնակիչների համար կարևոր խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկել»,– ասաց նա՝ մասնավորեցնելով, որ այս տարի պիտի շեշտադրվում է տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք