Օրհներգը, առաջին հերթին խորհրդանիշ է, որը ասոցացվում է հենց անկախության հետ

10:56 | 11.02.2019

Օրհներգը, առաջին հերթին խորհրդանիշ է, որը ասոցացվում է հենց անկախության հետ

Xnews.am կայքը գրում է.

Հայտնի է, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու հարցը, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց հանրության և արվեստի գործիչների շրջանում:

Մասնավորապես մեզ հետ զրույցում երաժիշտ Գիսանե Պալյանը անդրադառնալով  Աժ փոխնախագահի առաջարկին, հետևյալ կարծիքը հայտնեց.

«Կարծում եմ, որ օրհներգը, առաջին հերթին խորհրդանիշ է, որը ասոցացվում է հենց անկախության հետ դա չպետք է դիտարկել, որպես երաժշտական ստեղծագործություն: Այս տեսանկյունից նայելով, պետք է հասկանանք, որ մեր օրհներգը մարմնավորում է խորհրդային միությունից անկախանալը: Ինչ վերաբերում է խորհրդային միության օրհներգին վերադառնալուն, այն, որպես ստեղծագործություն, գեղեցիկ է, բայց դա ինձ համար այդքան էլ սկզբունքային չէ, որովհետև, կարծում եմ, որ մեր ներկայիս օրհներգն էլ ոչնչով չի զիջում: Քանի որ այն մեր պետության օրհներգն է, նաև մարդիկ պետք է հավանություն տան դրան, սիրեն և ամեն անգամ լսելիս հպարտություն զգան, ինչու չէ, նաև երգեն: Դա պետք է դառնա հանրային քննարկման առարկա և ժողովուրդը ինքը պետք է որոշի իր օրհներգը, ոչ թե ինչ-որ մեկը»,- ասաց նա:

Պալյանի դիտարկմամբ, սակայն, եթե ինչ-որ բան պետք է փոխվի` պետք է լինի ավելի գրագետ.

«Մեծ անահամպատասխանություն կա խոսքերի ու երաժշտության միջև: Ամբողջ տեքստի շեշտադրությունը սխալ է: Մենք գիտենք, որ հայերենում շեշտը դնում ենք վերջին վանկի ձայնավորի վրա, իսկ օրհներգի տեքստում շեշտը դրված է առաջին վանկի ձայնավորի վրա: Ու եթե մենք իրականում այդ շեշտադրությամբ խոսենք, շատ ծիծաղելի վիճակում կհայտնվենք: Օրինակ՝ մե՛ր հայր-ե՛-նիք, ա՛-զատ, ա՛-նկախ: Սա հայեցի չի հնչում: Այստեղ պետք է աշխատեն երաժիշտները, իսկ տեքստ գրողները պետք է երաժշտական շեշտադրումները հաշվի առնեն ու համապատասխանեցնեն մեր խոսքին»,- ասաց նա:

Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի պնդմամբ էլ` Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ՀՀ օրհներգը մեր հայրենիքն է:

«Մինչ այդ պետք է քննարկումներ լինեն, հետո Սահմանադրության մեջ այդ կետը փոխվի, նոր օրհներգը»,-ասաց նա:

Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ ավելի կարևոր գործեր կան անելու, քան օրհներգի փոփոխությունը.

«Ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի, քան հիմնի փոփոխությունը: Այն, որ Արամ Խաչատրյանի օրհներգը բարձր երաժշտական արժեք ունի, դա, միանշանակ, այդպես է, բայց կարծում եմ, որ օրհներգն, ավելի շատ, սիմվոլիկ բնույթ է կրում և կարևոր է, թե այդ մեղեդին ինչ դեր է խաղացել տվյալ երկրի պատմության մեջ: Հակառակ դեպքում Բեթհովենը, Շոպենը, Մացարտը նույնպես բազմաթիվ օրհներգեր ունեն գրած: Օրհներգը սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե մեծամասնությունը որոշի վերադառնալ Արամ Խաչատրյանի գրած օրհներգին, նա դեմ չեմ լինի:

Զրուցեց` Լուսինե Փիլոյանը

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք