Ո՞րն է սահմանին գազի գնի թանկացման իրական պատճառը. Մանրամասնում է տնտեսագետը

10:30 | 30.01.2019

Ո՞րն է սահմանին գազի գնի թանկացման իրական պատճառը. Մանրամասնում է տնտեսագետը

Xnews.am-ը կայքը գրում է.

«Տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական գազը Հայաստան կմատակարարվի 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով՝ 150-ի փոխարեն, սակայն սպառողների համար գազը, ըստ նրա, չի թանկանա: Սահմանին գազի թանկացման մասին լուրից հետո, անմիջապես շրջանառության մեջ դրվեցին խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի և Մոսկվայի հարաբերությունները լարված են և որ Մոսկվան չի վստահում նորընտիր իշխանություններին:  Որքանո՞վ է շրջանառվող տեղեկությունը համապատասխանում իրականությանը, Xnews.am-ը փորձեց հետաքրքրվել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով նախ նկատեց.

-Ես, տնտեսական առումով, Հայաստանի կողմից անվստահության բաղադրիչ չեմ տեսնում: Ես չեմ կարծում, որ Հայաստանը անհուսալի գործընկեր է, ճիշտ հակառակը, Հայաստանը անկախության տարիներին աչքի է ընկել հուսալիությամբ և կանխատեսելիությամբ: Իրականում գազի բարձրացման խնդիրը, որքան ինձ հայտնի է, բանակցությունների փուլում է գտնվում: Ավելին, գազի գնի բարձրացումը նաև ունի ներքին ռեսուրս պահպանելու, անգամ իջեցնելու: Ես տարիներ շարունակ կոչ եմ արել, որպեսզի գնագոյացման մեխանիզմը ուսումնասիրվի, թե, օրինակ, ինչու՞ է սահմանին մեր վճարած գինը կրկնակի տարբերվում այն գնից, որը սպառողն է վճարում: Ես կարծում եմ, որ նախորդ իշխանությունները թերացել են դրանում և ներկայիս իշխանությունը պետք է ավելի մանրակրկիտորեն հետամուտ լինի հասկանալու, թե, օրինակ, եթե սրանից մի տասը տարի առաջ գազաֆիկացվում էր Հայաստանը, և ակնհայտ էր, որ դրա ուղղությամբ ծախսեր էր կատարում «Գազպրոմը», ապա արդեն երկար ժամանակ է, ինչ չի գազաֆիկացվում Հայաստանը, այսինքն էդ ծրագիրը դադարել է, ինչու՞ է ներքին սպառողին նույն գնով հասնում և արդյո՞ք շահույթի հետ միասին գերշահույթ չի ստանում «Գազպրոմը»: Այստեղ պետք է որոնել խնդրի լուծումը»:

Խոսելով Վրաստանում գազի գնի մասին, տնտեսագետն ասաց, որ այնտեղ գազն ավելի էժան է, քան Հայաստանում, և սա այն պայմաններում, երբ Վրաստանից նույն գազը ստանում ենք տարանցիկ ճանապարհով և պետք է որ տարբերությունը շատ մեծ չլիներ:

«Ես չեմ բացառում քաղաքական գործոնների առկայությունը, բայց կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը առևտրատնտեսական ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ ունեն: Հարցը պետք է քննարկեն, բանակցեն և համաձայնեցնեն այն պայմանները, որոնք կարող են ընդունելի լինել երկու կողմերի համար»,-ասաց տնտեսագետը»:

Զրուցեց՝ Լուսինե Փիլոյանը

Բաժնի այլ լուրեր

Օրակարգ

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք